Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո բազմաթիվ հայկական կազմակերպություններ և օտարազգի միսիոներներ օգնեցին կանանց և երեխաներին ազատվել իրենց գերողներից: Այս փրկարար առաքելությունները վերածվեցին մեծածավալ գործողությունների, որոնք լի էին վտանգներով: Մասնավորապես դանիացի միսիոներուհի Կարեն Եփփեն, համագործակցելով արաբական աշիրաթների առաջնորդների հետ, մինչև 1928թ. մուսուլման գերողներից կարողացավ փրկել 2000 հայ կին և երեխա: Նրա օգնությամբ մի շարք վայրերում հիմնվեցին այրիանոցներ, ուր ապաստան գտան դաժան չարչարանքների զոհ դարձած բազմաթիվ հայ կանայք:
Շատ կամավորներ իրենց կյանքով վճարեցին փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար, և շատ հայ կանայք մահացան փախուստի փորձ կատարելու ընթացքում:
Հայ կանանց և երեխաների առևանգումներն ու նրանց փրկելու հետագա ջանքերը 20րդ դարի սկզբին հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կառավարության իրականացրած ցեղասպանության քաղաքականության ամենաողբերգական և դրամատիկ էջերից է:
Արևմտյան Հայաստանում ցեղասպանության տարիներին իսլամացված հայ կանանց խնդիրը հասարակական ու գրական օրակարգ մտցնելու և հրապարակավ քննարկումներ սկսելու գործում անասելի մեծ է Ֆեթհիյե Չեթինի «Մեծ մայրս» հուշագրական վիպակը, որը այս թեմայով գրված ամենաազդեցիկ գրքերից է, սակայն նմանատիպ այլ ստեղծագործություններից տարբերվում է նրանով, որ փաստերի նկարագրությունները համեմված են բարձր գեղարվեստականությամբ, ինչը գրքին հաղորդում է ոչ միայն փաստագրական, այլև գեղարվեստական արժեք: Բացի այդ, գիրքը խթանիչ դեր ունեցավ թուրք գրականության մեջ հայկական թեմատիկայի խորացման համար, մեծ ակտիվություն մտցրեց հասարակական և գրական շրջանակներում:
Ֆեթհիյե Չեթինը մասնագիտությամբ իրավաբան է և երկար տարիներ եղել է Հրանտ Դինքի փաստաբանը: Լինելով ձախակողմյա հայացքների կրող` Չեթինը բազմիցս են հալածանքների ենթարկել և անգամ բանտարկվել է 1980 թվականի հեղաշրջումից հետո: Երիտասարդ տարիքում (25-26 տարեկան) Ֆեթհիյեն տեղեկանում է մորական տատից` Սեհերից, որ ամբողջ կյանքը որպես մուսուլման ապրած տատն իրականում հայուհի է Հերանուշ Կատարյան անունով, որին 1915 թ. հայերի ցեղասպանության ժամանակ աքսորի ճամփից առևանգում է մի ոստիկան, որդեգրում նրան, կրոնափոխ անում և տալիս Սեհեր անունը: Տասը տարեկան Հերանուշն ապրում է կոտորածների, աքսորի ողջ սարսափները, որոնք ամբողջ կյանքում ուղեկցում են նրան, սակայն մինչև խոր ծերություն գաղտնի է պահում դրանք: Հերանուշը խոր կապվածություն է ունենում թոռներից մեկի` Ֆեթհիյեի հետ և արդեն առաջացած տարիքում (70 տարեկան) նրան է վստահում իր կյանքի ամենամեծ գաղտնիքը: Տատի և թոռան կապվածության համար կան մի քանի պատճառներ, սակայն, ինչպես Իրֆան Փալալըի տատի դեպքում, այս անգամ ևս Հերանուշը, իմ կարծիքով, տեսել կամ փորձել է թոռան մեջ տեսնել իր կորցրած ընտանիքին կապող մի բան: Ֆեթհիյեին ուղղված և հաճախ կրկնվող նրա հետևյալ բառերը դրա ապացույցն են. «Դու մեր կողմին ես նման»:
Ըստ Չեթինի, տատը լավ հիշողություն է ունեցել, սակայն հայկական ընտանիքի, աքսորի, կոտորածների մանրամասները հիշելու համար ողջ կյանքում ներքուստ անընդհատ կրկնել է դրանք, այսինքն` շարունակ գտնվել տրավմայի մեջ: Նման վիճակի մեջ են եղել նաև Հերանուշի բախտակից այլ հայ կանայք ևս: «Աւելի ուշ նկատեցի, որ մեծ մայրիկիս ճակատագրակից մեծ թիւով կիներ ալ, արտայայտոելու անկարող ըլլալով, անոր նման անվերջ-անդադար զրուցած են իրենք իրենց հետ, իրենք-իրենց մէջ»: Ազդվելով նաև այդ հանագամանքից` Ֆեթհիյե Չեթինը հետագայում որոշում է տատի պատմությունը գրքի վերածել։
Շարունակելի․․․
Աշխեն Վիրաբյան
Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան