Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2023 թվականի մարտի 18-ին Մարտակերտի շրջանի օկուպացված Թալիշ գյուղում Ադրբեջանի նախագահն ազդարարել է ադրբեջանցիների կողմից գյուղում 20 ընտանիքի վերաբնակեցման մասին։

Մի կողմ թողնելով Ալիևի ելույթում հայերի հասցեին հնչած սպառնալիքները, մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ Բաքվի իշխանությունների կողմից Թալիշ գյուղը վերաբնակեցնելը նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների խախտում է, ցանկանում ենք ուշադրությունը սևեռել մի պատկերի վրա։ Տարածված նկարներում երևում է, որ այստեղ՝ գյուղ մտնող հիմնական ճանապարհի վրա, բնակելի տների հարևանությամբ, կառուցվել է նաև փոքր հրապարակ, որը, դատելով Բաքվի իշխանությունների կողմից օկուպացված այլ բնակավայրերի օրինակներից, հավանաբար դրոշի կանգնեցման հրապարակ է։ Համադրելով արբանյակային օդալուսանկարները եղած պատկերի հետ՝ կարող ենք փաստել, որ այն կառուցվել է նախկին բնակելի տան տեղում։

Թալիշը բնիկ հայկական բնակավայր է՝ բազմաշերտ հայկական մշակույթով։ Այստեղ են գտնվում Գլխո կամ Հոռեկա վանքը, մելիք Բեգլարյանների ամրոցն ու ապարանքները, սբ. Աստվածածին  և սբ. Ամենափրկիչ եկեղեցիները։  Գյուղի «վերակառուցման» արդյունքում քանդված բնակարանները էթնոցիդի միակ դրսևորումը չեն։ 44-օրյա պատերազմից հետո համացանցում հայտնված բազմաթիվ տեսանյութերը և լուսանկարները համադրելով՝ արդեն վավերացրել ենք, որ ադրբեջանցիներն ավերել են «Վերածնված Թալիշ» հուշարձանն ու գյուղի հրապարակը բազմաթիվ կոթողներով և խաչքարերով հանդերձ։

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, որպես միջազգային անկախ հասարակական կազմակերպություն,  պատերազմից  հետո կարմիր դրոշի շուրջ 5 ահազանգ է ուղղել Ադրբեջանին՝ վերջինիս գործողությունները որակելով ցեղասպանական։ 

Արցախի հայկական  պատմական Թալիշ բնակավայրի հաշվին ադրբեջանական նոր բնակավայրի ստեղծումը մշակութային ցեղասպանություն է, որի նպատակը հայկական հետքի բնաջնջումն է։ Պատմական Թալիշի հռչակումը որպես ադրբեջանական, ակնհայտորեն ոտնահարում է տարածքի մշակութային ինքնության, պատմականության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից»: 

Արևմտյան Հայաստանի կառավարությունը դատապարտում է հայերի կյանքի հետքերի վերացման բոլոր ձևերը և շնորհակալություն հայտնում այս կազմակերպության կողմից իրականացվող մոնիտորինգի համար, քանի որ այն ամրապնդում է մեր ջանքերը և միջազգային կառույցներին պարտավորեցնում զգոն լինել և դատապարտում է Բաքվի իշխանություններին, որոն արածը  ոչ մի կերպ չեն համապատասխանում միջազգային կազմակերպություններին կից ընդունված ստանդարտների դրույթներին: