ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում խոսելով արդեն գրեթե երեք ամիս փաստացի Ադրբեջանի գերության մեջ գտնվող Արցախի մասին՝ հիշեցրեց պատմությունը: «Հիշեցնեմ, որ 1918 թվականին Ադրբեջանը ստեղծվել է Թուրքիայի կողմից եւ գերնպատակը եղել է շարունակել եւ ավարտել հայերի ցեղասպանությունն արդեն Արեւելյան Հայաստանում եւ ամբողջ Անդրկովկասում: Եվ, փաստորեն, քանի որ ժամանակակից Ադրբեջանն իրեն հայտարարել է հենց այդ ցեղասպանածին պետության իրավահաջորդը, պետք է հստակեցնեմ, որ մարտի 2-ին ընդունվելով ՄԱԿ որպես անդամ պետություն, արդեն ապրիլի 10-ին Ադրբեջանն իրականացրել է այն ցեղասպանական գործողությունը, որը բարոնուհի Քերոլայն Քոքսը բնութագրել, է որպես ժամանակակից Գողգոթա: Դա տեղի է ունեցել ճիշտ այս օրը, 1992 թվականի ապրիլի 10-ին: Այնպես որ, ժառանգություն կամ իրավահաջորդություն պետք է հասկանալ հենց այսպես. ինչի համար ստեղծվել է Ադրբեջանը, դա էլ նա իրականացնում է հետեւողական, տարբեր մեթոդներով, նայած ժամանակահատվածին: Ցեղասպանությունը տարբեր ձեւերով է դրսեւորվում: 1920 թվականին սովետական կարգերը հաստատվելուց հետո, երբ Ադրբեջանը համարվեց սովետական հանրապետություն, իրեն բռնակցված Նախիջեւանի եւ Արցախի, այսպես կոչված, վիճելի տարածքներում հենց 20 թվականից Սովետական Ադրբեջանը իրականացնում էր ցեղասպանությունն այլ ձեւերով:Արցախի, այսպես ասած, ընդգրկումը ոչ ազգային ադրբեջանական հանրապետության մեջ ուներ կոշտ իրավաբանական եւ իրավական պահանջ: Ամբողջ Լեռնային Ղարաբաղին, ոչ թե ԼՂԻՄ-ին, որը ամբողջ Լեռնային Ղարաբաղի ¼-ն է ընդամենը, պետք է տրվեր ինքնավարության կարգավիճակ: Եվ տեսեք, 20-ից 23 թվականը Սովետական Ադրբեջանը չի իրականացրել այդ պահանջը: Այլ ձգելով բերել է նրան, որ ամբողջական Լեռնային Ղարաբաղից կտրտելով տարածքներ, արել է այնպես, որ ԼՂԻՄ-ը անջատված լինի Հայաստանից: Դա էլ ցեղասպանություն է, որովհետեւ այդպես Արցախի հայերը զրկվել են մեծ ի մասով իրենց Հայրենիքից: