Հայկական այբուբենը ամենահին եւ գեղեցիկ գրերից մեկն է։ Մեր թանգարանների արխիվներում պահվում են ձեռագիր հայերենով գրված հազարավոր մատյաններ եւ գրքեր, որոնք հայկական գեղագրության արվեստի կենդանի նմուշներ են։ Սակայն հայկական գեղագրության արվեստի պատմության եւ գրելու ոճի մասին որևէ գիրք չկա։
Երկար տարիներ հայկական գեղագրության (կալիգրաֆիայի) ուսումնասիրությամբ զբաղվող գեղագրիչ Ռուբեն Մալայանը մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ է։
2008 թվականին Ռուբենը Նյու Յորքում գտնվող հրատարակչությունից նամակ է ստանում, որում ասվում է, որ իրենք համաշխարհային կալիգրաֆիայի ժառանգության մասին (The World Encyclopedia of Calligraphy, Sterling) հանրագիտարան են պատրաստում եւ ցանկանում են, որ գրքում անպայման լինի նաեւ հայկական գեղագրության մասին բաժին։ Հրատարակչությունն առաջարկում է Ռուբենին զբաղվել հայկական բաժնի ստեղծման աշխատանքներով։
Ռուբենը՝ ուսումնասիրելով Հայաստանում եւ հայաշատ գաղթօջախներում գտնվող արխիվները եւ վիմագրերը՝ քայլ առ քայլ վերակենդանացնում է հայկական գեղագրության պատմությունը եւ տարբեր ժամանակաշրջաններին հատուկ գրելաոճը։
Ռուբեն Մալայանն իր հետազոտությունների ընթացքում տեսել է հայկական գեղագրությանը վերաբերող ընդամենը 10 դասագիրք, որոնք նա հայտնաբերել է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայկական համայքներում (Վենետիկ 1884, Կոնստանտինոպոլ 1892, Լայպցիգ 1873, Վիեննա 1837, Նոր Նախիջեւան 1846 եւ 1870, Թիֆլիս 1884)։ Այս դասագրքերն ապացուցում են, որ գեղագրությունը միշտ եղել է հայկական դասական կրթության մի մասը։ Ցանկացած հայկական դպրոց ունեցել է գեղագրությանը նվիրված դասաժամ։ Կալիգրաֆիան հայկական դպրոցներից աստիճանաբար վերանում է Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո։