Եվրամիությունը դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի հարձակումը Հայաստանի զինված ուժերի զինծառայողների վրա Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում։ ԵՄ դիվանագիտական ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ Ադրբեջանի սադրիչ հարձակումը որակելով որպես բախումներ։ 

«Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում պետք է հարգել 1991 թ.-ի գիծը, կողմերից յուրաքանչյուրի ուժերը պետք է դուրս բերվեն այս գծից անվտանգ հեռավորությունների վրա՝ կանխելու միջադեպերի կրկնությունը», — ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Նաբիլա Մասրալին:

«Նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, այդ թվում՝ Պրահայում 2022 թ.-ի հոկտեմբերին ստանձնած պարտավորությունները՝ կապված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ՝ համաձայն 1991 թ.-ի Ալմա Աթայի հռչակագրի: ԵՄ-ն նաև կոչ է անում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստ է աջակցել այդ գործընթացին», — նշված է հայտարարության տեքստում:

Եվրամիությունը դարձյալ կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և վեճերը լուծել խաղաղ ճանապարհով:

Արևմտյան Հայաստանի կառավարությունը հիշեցնում է, որ Ալմա Աթայի հայտարարությունը իրավական ակտ չէ, դա մտադրությունների հայտարարություն է, որը ոչ մի կերպ չի պարտավորեցնում Արևմտյան Հայաստանին։ 1920 թվականին Հայաստանի Հանրապետության կազմաքանդումից հետո այս հռչակագիրը հաշվի չի առնում Սեւրի Դաշնագիրը, Արևմտյան Հայաստանի ճանաչումներն ու Հայերի դեմ իրականացված ցեղասպանության հետևանքները և դրա բովանդակությունը կարող է լինել միայն ժամանակավոր լուծում մինչև  1920 թվականի օգոստոսի 10-ին Սևրում ստորագրված միջազգային խաղաղության Դաշնագրի կիրառումը։