«Ի պատիվ հորս, այսքանը միայն կասեմ, որ նա Նախիջեւանի համար ամբողջ 30 տարի մի տեսակ բարոյական արեգակ էր, որ յուր շուրջը սփռում էր լույս եւ ճշմարտություն: Այն ընդհանուր հարգանքը եւ զարմանքը, որ շրջապատել էր հորս, կարծես թե պիտի դարձներ նորան անձնապաստան, ինքնահավան, եսամոլ, բայց իրոք այդպես չեղավ. հայրս միշտ մնաց համեստ…»:
Ռաֆայել Պատկանյան
Ինչպես գրականագիտության խորագիտակ դեսպաններն են փաստում՝ ավելի քան մի ամբողջ դար Պատկանյանների տոհմը բացառիկ դեր է խաղացել հայ հասարակական մտքի առաջընթաց պատմության մեջ: Այդ տոհմի տաղանդավոր ներկայացուցիչներ Սերոբե, Գաբրիել, Միքայել, Ռաֆայել եւ Քերոբե Պատկանյանները անգնահատելի ծառայություն են մատուցել հայ ազգային նոր լեզվի եւ գրականության, դպրոցի, մանկավարժության, թատրոնի եւ հայ պատմագիտության զարգացման բնագավառում: Այդ երախտավորներից մեկի՝ Գաբրիել Պատկանյանին կենսագիրները համարել են «կենդանի նահատակ»: Լինելով ազգային հոգեկերտվածքով օժտված ու կարեկից անձնավորություն, եկեղեցական գումարներով գնված հացահատիկով օգնել է ընչազուրկ գյուղացիներին, առաջ քաշել եկեղեցական գումարների համար հաշվետու լինելու հարցը, ինչը պատճառ էր դառնալու վարժարանից հեռացման: Կազմել է դասագրքեր, բառարաններ, օրացույցներ, գրել տոմարագիտական ու կրոնագիտական աշխատություններ: Թողել է գրական հարուստ ժառանգություն: Ազգային գործի նվիրյալը թողել է նաեւ պատմական ուսումնասիրություններ՝ «Հայոց ազգի պատմությունը», «Միջնավեպք Հայոց ազգի պատմութենից»: Մեծարժեք ժառանգություն է նրա «Հիշատակարան» աշխատությունը, որն իր ընդգրկումով, փաստերի առատությամբ եւ գրելաձեւի վարպետությամբ դասվում է մեր նոր գրականության նշանակալից երեւույթների շարքը: