Ապրիլի 13-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո Բաքվի իշխանությունների կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությանը՝ մատնանշելով ադրբեջանական կողմի հանցագործությունների վերաբերյալ կոնկրետ փաստեր և օրինակներ։ Պաշտպանը ներկայացրել է Բաքվի իշխանությունների կողմից չորս ամիս շարունակվող անօրիանական շրջափակման ժամանակ Արցախի ժողովրդի իրավունքների խախտումները։ Նա նշել է, որ միջազգային դերակատարների կոչերն անտեսելն ու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումը Բաքվի իշխանությունների համար որևէ հետևանք չեն առաջացնում, ինչն էլ ավելի է ընդլայնում  անպատժելիությունն ու ամենաթողությունը։ Միջազգային հանրության հայտարարություններին և կոչերին Բաքվի իշխանությունը պատասխանում է շրջափակման խստացմամբ ու խաղաղ բնակչությանը նորանոր տառապանքներ հարուցող գործողություններով։ Գեղամ Ստեփանյանն իր դժգոհությունն է արտահայտել ստեղծված հումանիտար ճգնաժամին միջազգային հանրության կողմից ոչ համարժեք ու հասցեական վերաբերմունքի առթիվ։

Կարևորելով ԵԱՀԿ ներգրավվածությունն ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման հարցում՝ Պաշտպանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի գործունեության վերականգնման, կազմակերպության կողմից Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու և մշտական ներկայություն ունենալու անհրաժեշտությունը։

Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։

Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը ցանկանում է հիշեցնել, որ դեռևս 1992թ. ստեղծված Մինսկի խումբը, որը մինչ օրս այդպես էլ ոչ մի գործուն մասնակցություն չի ունեցել հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ չունի իր վերջնական ձևակերպված առաքելության շրջանակն ու գործունեության մանդատը և զուրկ է նույնիսկ հակամարտության ժամանակ վերսկսված ռազմական գործողությունների հանգամանքների հետաքննման իրավունքից: 2012թ. հունվարի 23-ին Ալիևը հայտարարեց, որ բանակցային գործընթացը չի ընթանա պատերազմի անթույլատրելիության ճանապարհով և մինչ օրս հետևում է դրան: Մենք գտնում ենք, որ Արցախի իշխանությունն առաջին հերթին պետք է շեշտը դնի ժողուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման վրա և հիշի, որ Արցախի ժողովուրդը դեռևս 1991թ. դեկտեմբերի  10-ին արդեն ինքնորոշվել է: Մենք պատրաստ ենք ցանկացած ձևով օժանդակել Արցախի իշխանություններին և ժողովրդին իրացնելու իրենց իսկ կողմից իրականացրած օրինական հանրաքվեի արդյունքները: