Նոր մանրամասներ են հայտնի դարձել ժամեր առաջ Սյունիքի Աճանան գյուղի երեիտասարդների կողմից հայտնաբերված ադրբեջանցու մասին, որը օրեր առաջ ընկերոջ հետ հատել էր Հայաստանի սահմանը եւ երեք օր է նրան էին որոնում: Պարզվել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի խողովակաշարի պահպանման պահակակետի պահակին սպանելուց հետո նրա հեռախոսով ուղիղ եթեր է մտել, տեսանյութը արդեն տարածվել է: Արդեն այսօր տեղեկություն տարածվեց, որ սպանությունը կատարել է Հայաստանի Սիսիան համայնքի բնակավայրեր ներթափանցած 2-րդ ադրբեջանցին:

«Եկել են Նախիջևանով, հասել Վահանավանքի վերևի աջ կողմի սարը, Շղարշիկ բնակավայրում էլ տեղի է ունեցել սպանությունը»,-ասել է 168.am-ի աղբյուրը:

Ըստ նրա՝ սպանությունը կատարելուց հետո ադրբեջանցին վերցրել է ԶՊՄԿ-ի սպանված պահնորդի հեռախոսը, այդ հեռախոսով ուղիղ եթեր արել, սպառնացել հայերին ու հանգիստ հեռացել: Տեղեկություններ կան, որ Կովսականով անցել է Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներ:

Ահա այդ ադրբեջանցու ուղիղ հեռարձակման տեսանյութը. «Հայտարարում եմ ամբողջ աշխարհին։ Երդվում եմ միակ Աստծո անունով, մեզ արարող Աստծո անունով։ Եկել հասել են Հայաստան։ Հայերի արյուն ենք թափել։ 400-500 հայի գլուխ ենք կտրել։ Հիմա էլ դեռ ողջ ենք, չենք մահացել։ Աստված տա, չենք մահանա։ Եթե մահանանք էլ մեր մեղքերին թողություն տվեք։ Մենք հայրենիքի դավաճան չենք, հայրենիքի արժանապատվությունը պահողն ենք»,-տեսանյութում ասում է ադրբեջանցին:

Հենց այս ադրբեջանցուն են քիչ առաջ բռնել Կապանում:

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Նրա հետ եղել է եւս մեկ զինծառայող, որին որոնելու աշխատանքները 3 օր է՝ շարունակվում էին։