Թուրքական գրոհները շարունակվեցին՝ ավելի կատաղի բնույթ ընդունելով։ Դեկտեմբերի 3-ին հակառակորդը երեք հիմնական ուղղություններով շարժվեց Զեյթուն և սկզբում զգալի հաջողություններ ունեցավ։ Սակայն վճռորոշ պահին 75-ամյա իշխան Կարապետ Բասիլոսյանը, որը սկզբում ընդդիմացել էր ապրստամբությանը, նժույգով դուրս եկավ զորանոցից և նետվեց դեպի թշնամին։ Դա ցնցեց լեռնականներին, որոնք հետևելով իշխանին՝ խելահեղ հարձակման նետվեցին։ Կատաղի մարտերում թուրքերը մեծ կորուստներ կրեցին՝ տալով մեծ թվով սպանվածներ և վիրավորներ։ Այդ կռիվները հսկայական նշանակություն ունեցան ապստամբության համար։ Ձախողվեց հուժկու հարձակմամբ Զեյթունը գրավելու Ռեմզի փաշայի ծրագիրը։ Վերջինիս հարձակողական ձեռնարկները նույնպես անարդյունք անցան։ Չնայած կատաղի ռմբակոծություններին՝ Զեյթունը մնում էր անառիկ։ 1896 թ. հունվարի 22-30-ը եվրոպական տերությունների հյուպատոսների միջնորդությամբ թուրքական բանակատեղում տեղի ունեցան հաշտության բանակցություններ։ Որպես հաղթողներ, զեյթունցիները առաջադրեցին իրենց պայմանները։ Սուլթանն, ի վերջո, ստիպված էր տեղի տալ ՝ հիմնականում ընդունելով զեյթունցիների պայմանները։ Զեյթունի հերոսական ապստամբությունն ամբողջ մերկությամբ ցուցադրում էր այն վնասը, որ ազատադրական շարժմանը հասցնում էին թուրքական բռնապետության դեմ պայքարում ներգրավված կուսակցությունների անմիաբան գործողությունները: Սակայն ազատագրական պայքարը շարունակվում էր։ Հերոսական մաքառումի հերթական արարի ասպարեզ դարձան Վանն ու Վասպուրականը։ 

Զեյթունի ինքնապաշտպանության մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել Western Armenia TV-ի յութուբյան ալիքում։ https://youtu.be/W3lw4Fyzpdc