Վերջերս հեղինակավոր Operawire պարբերականը հրապարակել էր օպերային արվեստի 10 ամենահայտնի աստղերի անունները, որում տեղ է գտել սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի անունը։ Դեռեւս 2022թ. աշնանը աշխարհի մեդիա դաշտը, ինչպես նաև համացանցը ողողված էին Ռիգայի ազգային օպերային թատրոնում հոկտեմբերի վերջերին անցկացված Operalia մրցույթում առաջին մրցանակի արժանացած հայ երգչուհու լուսանկարներով։ Անցյալ տարվա ամռանը Վարշավայում կայացած Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան միջազգային մրցույթում մասնակից 28 երկրի 112 երգիչների մրցապայքարում երգչուհին արժանացել էր Գրան պրի մրցանակի։ Նա հայտնել էր, որ հրավերներ է ստացել մի շարք թատրոններից, այդ թվում՝ Հռոմի, Ցյուրիխի, Մյունխենի։
Հիշեցնենք, որ երգչուհին 2019թ., ընդգրկված լինելով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրում, բազմաթիվ ելույթներ է ունեցել Երեւանում, մարզերում, Ստեփանակերտում եւ Շուշիում, իսկ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հյուրախաղերով հանդես եկել Չեխիայում եւ Իտալիայում։
Շուտով սոպրանոն կմասնակցի Միլանի «Լա Սկալա» թատրոնում Դվորժակի «Ջրահարսը» ներկայացմանը, իսկ հետո կկայանա նրա բեմելը Պրահայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որին կհաջորդի Շվեյցարիայում կայանալիք Բազելի փառատոնում նրա ելույթը: