Վերջին օրերին բոլորի ուշադրության կենտրոնում է գտնվում Գորիսի շրջանի Տեղ գյուղը, որը վերջին պատերազմից հետո հայտնվել է հայ-ադրբեջանական ուղիղ սահմանին։
Քչերը գիտեն, որ այս գյուղն իր պատմության ընթացքում ունեցել է հերոսական էջեր, և իր գոյության ընթացքում այստեղ գրեթե թուրք բնակչություն չի հաստատվել։
Տեղ գյուղի մասին հնագույն հիշատակությունը հանդիպում ենք Սյունյաց պատմիչ Ստ. Օրբելյանի մոտ: Նա Տեղ գյուղը հիշատակում է նվիրատվության առիթով, ըստ որի, Սյունիքի թագուհի Շահանդուխտը 988թ. գյուղը նվիրում է Տաթևի վանքին և այդ առթիվ կնքում վավերագիր:
Ուշ միջնադարում Տեղ գյուղը եղել է մելիքական նստավայր։ Տարածաշրջանի երևելիներից մեկի՝ Մելիք Բարխուդարի ծննդավայրն էր այս գյուղը։ Մինչ այսօր էլ գյուղում պահպանվել է մելիքական ապարանքը, որը հետագայում կառուցել է նրա որդին։Գյուղը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։ Այդ հուշարձաններից են մ.թ.ա. 2-1 հազարամյակով թվագրվող Քարակալ ամրոցն ու դամբարանադաշտը, 4-5-րդ դարերով թվագրվող Սուրբ Գևորգ եկեղեցին, 5-6-րդ դարերով թվագրվող Սռեղցի եկեղեցին, 14-15-րդ դարերով թվագրվող Կոտրաց եկեղեցին, 10-20-րդ դարերով թվագրվող գերեզմանոցներ, 10-17-րդ դարերով թվագրվող խաչքարեր, 17-19-րդ դարերով թվագրվող մելիքական ապարանքներ, 14-18-րդ դարերով թվագրվող բնակելի տներ, տարբեր դարերով թվագրվող կամուրջներ, ջրաղացներ, աղբյուրներ, ձիթհաններ և այլն։