
Հայերի ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն, որը Զորյան ինստիտուտի ամենահին եւ մշտապես արդիականացվող նախագծերից մեկն է, փոխանցվել է Զորյան ինստիտուտ-Հայաստանի ամերիկյան համալսարանի Բանավոր պատմության կենտրոնին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների եւ զարգացման միջազգային հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, ժողովածուն ներառում է Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը վերապրած հայերի ավելի քան 750 հարցազրույց, որոնք այժմ հասանելի են Երևանում գործող կամ Երեւան այցելած ուսանողների, դասախոսների, հետազոտողների եւ գիտնականների համար:
Զորյան ինստիտուտ-ՀԱՀ Բանավոր պատմության կենտրոնում կատարվող աշխատանքների շրջանակում Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ուսանողներին է վստահվել նաեւ Արցախյան 44-օրյա պատերազմի բանավոր պատմության ծրագրի շրջանակներում իրականացվող հարցազրույցների տառադարձման եւ թարգմանության աշխատանքները։ Այս դեպքում եւս նպատակը նույնն է՝ թարգմանել հարցազրույցները անգլերեն եւ հասանելի դարձնել դրանք աշխարհի գիտնականներին եւ հետազոտողներին:
Նշենք, որ Զորյան ինստիտուտը 2018 թվականին համաձայնության հուշագիր է ստորագրել ՀԱՀ-ի հետ «Զորյան ինստիտուտ-ՀԱՀ Բանավոր պատմության կենտրոն» հիմնելու վերաբերյալ։