
Թուրքական բռնապետության դեմ Արևմտյան Հայաստանի նշանավոր զինված պայքարի օրինակներից են Սասունի 1894 և 1904 թթ-ի ապստամբությունները և 1915 թ-ի ինքնապաշտպանությունը:
19-րդ դարի 90-ական թվականներին օսմանյան իշխանությունները Սասունի հայերի կիսանկախ վիճակը վերացնելու նպատակով հրահրել են հայ-քրդական բախումներ։1894 թ-ին թուրքական կառավարությունը Սասունի շուրջն ստեղծել է ռազմական գոտի և հայտարարել պատերազմական դրություն, զորքերի ղեկավարությունը հանձնել Զեքի փաշային:
Սասունցիները Մեծն Մուրադի գլխավորությամբ նախապատրաստվել են ինքնապաշտպանության։ 1904 թ-ի ապրիլի 14-ին և 15-ին Մերկեր գյուղի շրջակայքում տեղի ունեցած համառ կռիվներում հայերը թշնամուն ստիպել են նահանջել, սակայն վերջինս հրանոթային կրակ է բացել: Երկու օր անց թուրքական զորքն անցել է գրոհի` 12 հրանոթների գնդակոծությամբ: Սասունցիների հերոսական պաշտպանությունը և մեծ տերությունների միջամտությունը սուլթանական կառավարությանը հարկադրեցին ժամանակավորապես հրաժարվել Սասունի հայերին բնաջնջելու մտադրությունից:
1915 թ-ի Սասունի ինքնապաշտպանությունը սասունցիների գոյամարտն էր հայերի դեմ իրագործված ցեղասպանության շրջանում: Առաջին համաշխարհային պատերազմը հնարավորություն տվեց երիտթուրքական կառավարությանը իրագործել Սասունը վերջնականապես ընկճելու և հայերին ոչնչացնելու ծրագիրը: Սասունցիները նախապատրաստվեցին ինքնապաշտպանության՝ ունենալով միայն 1000 հին ու նոր մարտական և որսորդական հրացաններ։Հայերը՝ թուրք-քրդական գերակշիռ ուժերի և հրանոթային կրակի ճնշման տակ նահանջել են դեպի Անդոկ սարը: Ընկճելով Սասունի պաշտպաններին՝ ջարդարարները 60 հազար հայերից ավելի քան 45 հազարին կոտորել են, մյուսները թաքնվել են լեռներում ու ձորերում: 1916 թ-ի գարնանը, երբ ռուսական զորքերը գրավել են Մուշը, մի քանի հազար սասունցիներ իջել են լեռներից և փրկվել կոտորածից: