
Օսմանյան իշխանությունները մուսուլմաններին են բաժանել ոչ միայն հայ որբ երեխաներին, այլև անգամ նրանց, ում ծնողները դեռ ողջ են եղել: Օրինակ, Մարզվանի, Ամասիայի և Թոքատի տարագիր հայության աքսորի ժամանակ պետական պաշտոնյաները քարավաններից առանձնացրել են երեխաներին, իսկ նրանց տարագիր ծնողներին հրամայել շարունակել ճանապարհը: Այնուհետև հայտարարություններ են տարածել շրջակա գյուղերի մուսուլման բնակչության շրջանում, որպեսզի գան և վերցնեն իրենց նախընտրած հայ երեխային:
Հ. Հովակիմյանը փոխանցում է, որ Տրապիզոնի վիլայեթում ևս հայերի բռնի իսլամացումն առավելապես տարածվել է երեխաների վրա. «Հայերու տեղահանման և բնաջնջման հետ տեղի ունեցաւ նաեւ բռնի իսլամացումը, որ ֆիզիքական գոյութիւնը պահելու միջոց մըն էր միայն: Շատերը պատրաստուեցան ընդունիլ մահմետականութիւնը, բայց ան չգործադրուեցաւ մեծերու վերաբերմամբ, այլ ի զորու եղաւ միայն փոքրերուն համար» ։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ չնայած պատերազմական վիճակին, թուրքական կառավարությունը ձգտում էր հայ որբ երեխաներին տալ հատկապես թուրքական որբանոցներ ։ Օսմանյան ղեկավարների՝ հայ երեխաներին թուրքական որբանոցներ վերցնելու շահագրգռվածությունը պայմանավորված էր նրանց իսլամացնելու և ձուլելու ցանկությամբ, քանի որ այդ տարիներին Օսմանյան կայսրության տարածքում գործում էին եվրոպական, ամերիկյան, միսիոներական որբանոցներ ևս:
Հայ որբերի թուրքացման հարցում հատկապես ակտիվ գործունեություն է ծավալել երիտթուրք պարագլուխներից — Ջեմալ փաշան, որի նախաձեռնությամբ Լիբանանում «Ային — Թուրա» ճիզվիտական մենաստանում հիմնվել է որբանոց, որտեղ հավաքել են շուրջ 1200 հայ երեխա` իսլամացնելու և թուրքացնելու նպատակով: Ջեմալ փաշան հայ երեխաներին իսլամական և թուրքական կրթություն տալու նպատակով այնտեղ է հրավիրում հայտնի պանթյուրքիստ, գրող Հալիդե Էդիփին։
Ային Թուրա» որբանոցի և այնտեղ հայ որբերի թուրքացման մասին արժեքավոր մի տվյալի ենք հանդիպում հենց այդ որբանոցի նախկին «սան» Թորոս Թադևոսյանի` մեծանուն պատմաբան Ջոն Կիրակոսյանին 1983թ. ուղղված նամակում: Նամակի հեղինակը մեկն է այն 1200 հայ երեխաներից, որոնք Ջեմալ փաշայի հրամանով հավաքվել էին «Ային — Թուրա» որբանոցում: Թադևոսյանը պատմում է. «Մեզ տեղ հասցնելուց անմիջապես հետո թուրքացրին, անուններս փոխեցին, դասարանների բաժանեցին, Կ. Պոլսից հրավիրված դասատուները սկսեցին մեզ հետ պարապել: Խստիվ արգելեցին հայերեն խոսել: Հատուկ դասարանի ավագներ նշանակեցին մեծահասակներից, որոնց պատվիրել էին հայերեն խոսողներին ցուցակագրել պատժելու համար: Այս ավագները հավատարմությամբ կատարում էին իրենց պարտականությունները: Ամեն երեկո, երբ ամբողջ երեխաներին հավաքում էին աշխատողների հետ միասին ԶԱՌՅԱ-ի և բոլորը միատեղ երեք անգամ էին գոչում, այդ հանդիսավոր ժամին կարդում էին օրվա հայերեն խոսողների ցուցակը և թուրքավարի պատժում ամեն օր, մինչև որ բոլոր երեխաները վերջ տվին հայերեն խոսելուն»: Խոսելով որբանոցում հավաքված հայ երեխաների դաստիարակության մասին` Թ. Թադևոսյանը նշում է.
«Մեզ դաստիարակում են մոլեռանդ թուրքեր, սովորեցնում թունդ շովինիստկան ազգային երգեր, թուրք ազգի անցյալն ու ներկան գովերգող և պանթուրքիզմն ու պանիսլամիզմը գովաբանող: Անցել է ավելի քան վաթսուն տարի, և տակավին հիշում եմ այդ երգերից առանձին քառյակներ» : Ցեղասպանությունը վերապրողի հուշերից նաև պարզ է դառնում, որ պարտությունից հետո, երբ թուրքերը փախչելիս են եղել, հանձնարարել են որբանոցի դեղագործ Ռիզա բեյին ճաշը թունավորելու միջոցով սպանել որբանոցի բոլոր երեխաներին: Սակայն թուրքացած բուլղար Ռիզա բեյը չի կատարել այդ ոճիրը, ինչի մասին հետագայում պատմել է որբանոցի սաներից մեկին, որին պատահաբար հանդիպել է Պոլսում:
Ցեղասպանության տարիներին հայ երեխաների բռնի իսլամացումն ու թուրքացումը կատարվում էին նաև մուսուլմանական հասարակության միջոցով: Մուսուլմանների կողմից հայ երեխաների «փրկության» շարժառիթը ոչ թե հումանիստական, այլ շահադիտական մղումներն են եղել: Խլելով և ձուլելով հայ երեխաներին` թուրք և քուրդ գյուղացիները մի կողմից` ձեռք էին բերում ձրի աշխատուժ, մյուս կողմից` հատկապես աղջիկ երեխաները համալրում էին նրանց հարեմները: Համաձայն իսլամա-թուրքական ամուսնական սովորույթների՝ տղայի կողմն ուղղակի գնում է հարսին` նրա ծնողներին վճարելով որոշակի գումար: Ձեռք բերելով հայ աղջիկ երեխաներին՝ այնուհետև նրանց ամուսնացնում են իրենց տղաների հետ` այդպիսով խուսափելով նաև ամուսնական «գլխագին» վճարելու ծանր պարտականությունից։
2009թ. Թուրքիայում հրատարակվեց լրագրող-ուսումնասիրող Մուրադ Բարդաքչըի բավական քննարկվող գիրքը, որտեղ ներկայացված են Թալեաթ փաշայի անձնական արխիվում պահված և մինչ այդ չհրապարակված մի շարք փաստաթղթեր, գրագրություն, նրա անձնկան գրառումները:
— Մասնավորապես, գրքում առկա է Թալեաթի ձեռագրով գրված մի գրություն, որը վերնագրված է «Հայ որբերը», որտեղ նա նշում է, թե որ նահանգում քանի հայ որբ է բաժանվել մուսուլման ընտանիքներին՝
Կաարինի նահանգ` 500
Ադանայի նահանգ` 90
Տիգրանակերտի նահանգ` 1800
Տրապիզոնի նահանգ` 2292
Սեբաստիայի նահանգ` 1500
Ճանիկի գավառ` 561
Մարաշի գավառ` 25
Ենթադրելի է նաև, որ սա ամբողջական ցուցակը չի եղել, այլ ուղղակի Թալեաթը մուտքագրել է ստացված տվյալները նահանգներից, որոնք հետագայում լրացվել են։
Ամփոփում
Ոչ մուսուլման ժողովուրդների երեխաների բռնի իսլամացումն ու թուրքացումը խոր արմատներ են ունեցել Օսմանյան կայսրությունում: Կրոնափոխության հարմար թիրախը երեխաներն են եղել: Հայոց ցեղասպանության տարիներին հայ երեխաների բռնի իսլամացումն ու ձուլումը կատարվել են երկու մակարդակով` պետության և հասարակության լայն խավերի կողմից: Օսմանյան իշխանությունները հայ երեխաներին իսլամացնելու և թուրքացնելու նպատակով վերցրել են պետական թուրքական որբանոցներ, և պետությունն իր համապատասխան կառույցներով և մեթոդներով երեխաներին բաժանել է մուսուլման բնակչությանը: Հայոց ցեղասպանության տարիներին հայ որբերի բռնի իսլամացումը կրել է պետական քաղաքականության բնույթ և գտնվել թուրք ամենատարբեր բարձրաստիճան ղեկավարների ուշադրության կենտրոնում: Բացի այդ, հայ որբերի բռնի իսլամացման մեջ չափազանց մեծ դեր են ունեցել նաև մուսուլմանական հասարակության տարբեր շերտերը:
Աշխեն Վիրաբյան
Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան