
Դանիել Վարուժանը (Դանիել Չպուգքյարյան) ծնվել է ծնվել է 1884 թվականին Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ (գյուղը հիմնադրվել է 11-րդ դարում վասպուրականցիների կողմից, և իսկական անունով կոչվել է Բագրատունիք) գյուղում։
20-րդ դարի Արևմտյան Հայաստանի հայ անվանի բանաստեղծ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանությունն է։
Քաղկեդոնի վարժարանի 6-րդ դասարանն ավարտելուց հետո պատանի Դանիելն ուսումը շարունակում է Վենետիկի Մուրատ-Ռաֆայելյան վարժարանում: Այստեղ ապագա բանաստեղծը ծանոթանում է հայ հնագույն մշակույթին, համաշխարհային գրականության ու արվեստի կոթողներին: 1905թ. մեկնում է Բելգիա, ընդունվում է Գենտի համալսարանը, որն ավարտում է 1909թ.:
Վարուժանը հայրենիք է վերադառնում որպես ճանաչված ու սիրված բանաստեղծ: Մի քանի տարի Սեբաստիայի և Եվդոկիայի դպրոցներում ուսուցչություն անելուց հետո՝ 1912թ.-ին, Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ զբաղեցնելու տեսչի պաշտոնը: Միաժամանակ եռանդով մասնակցում է աշխուժացած գրական կյանքին:
Բայց երիտասարդ բանաստեղծին վիճակված չէր մինչև վերջ իրագործել իր կրթական և ստեղծագործական ծրագրերը. երեսունմեկ տարին բոլորած բանաստեղծը դառնում է հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոհ:
1915 թ. ապրիլի 24-ին Վարուժանը գտնվել է այն մտավորականների ու հասարակական գործիչների շարքում, որոնք ձերբակալվել են թուրքական ոստիկանության կողմից։ Նա շատերի հետ աքսորվել է Չանքըրը, որտեղ մնացել է կալանավոր։ 26 օգոստոսի 1915 թ., որպես թե տեղափոխվելով Չանքըրըից Այաշ, ճանապարհին դաժանորեն սպանվել է կազմակերպված դավադրությամբ՝ բանաստեղծ Ռուբեն Սևակի և երեք այլ աքսորականների հետ։