Բաքվի իշխանությունների՝ «Արցախում ապրող հայերը կամ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ էլ պետք է իրենց համար այլ բնակության վայր գտնեն։ Այստեղ լիակատար ազատություն կա, առաջարկվում են բոլոր ժողովրդավարական հիմունքները։ Այս հարցը պետք է մարդու իրավունքների հիման վրա լուծում գտնի» հայտարարությանն ի պատասխան Արտակ Բեգլարյանը գրել է.

«Այդ ո՞ր ժողովրդավարական հիմունքների ու մարդու իրավունքների հիման վրա պետք է լուծում գտնել՝ որով իրականացվել են ադրբեջանահայության ու Արցախի հայության հանդեպ ցեղասպանական գործողություններ, որով Ադրբեջանում մեկ հայ չի մնացել, որով հակամարտության ամբողջ ընթացքում Բաքվի իշխանությունների վերահսկողության տակ ընկած բոլոր հայերը կա՛մ դաժանաբար սպանվել են, կա՛մ խոշտանգվել ու նվաստացել, որով հայերը ծառայում են որպես «ռազմավարի պուրակի» ցուցանմուշ ադրբեջանցի երեխաների «դաստիարակության» համար, որով քնած հային կացնահարողը դառնում է ազգային հերոս, որով ադրբեջանական հասարակությանը սնում ու ներքին խնդիրներից շեղում են հայերի դեմ ֆաշիստական ատելությամբ, որով Ադրբեջանը համարվում է աշխարհի ամենաբռնապետական երկրներից մեկը, թե՞ այլ մարդու իրավունքներ նկատի ունեիք, Ձերդ գերազանցություն պարոն լավագույն իրավապաշտպան, ժողովրդավար ու խաղաղասեր…»:

Բեգլարյանն ընդգծել է, որ Արցախի բնիկ հայ ժողովուրդը վաղուց իր որոշումը կայացրել է՝ իր կամքին հակառակ խորհրդային Ադրբեջանին բռնակցված Արցախը դեռ 1988 և 1991թթ. ընտրել է ինքնորոշումն ու ազատությունը:

Արևմտյան Հայաստանի կառավարությունը ողջունում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի պատասխան խոսքը, որտեղ արդեն հնչում է տարիներ ի վեր Արևմտյան Հայաստանի Հանրապետության կողմից բարձրաձայնվող դիրքորոշումն Արցախի ժողովրդի բնիկության և դեռևս 1991թ. հանրաքվեի միջոցով անկախություն   ձեռք բերած լինելու մասին: Մեկ անգամ ևս ցանկանում ենք հաստատել, որ Արցախի հարցի խաղաղ լուծման միակ ճանապարհը մարդու իրավունքների միջազգային նորմերին համապատասխան իրականացված հանրաքվեի արդյունքների օրինականացումն է: