
Հայերի դեմ իրականացված ցեղասպանության գլխավոր պատճառներից մեկը հայերի մեծ ունեցվածքին տիրանալն էր: Պարտություն կրած Թուրքական իշխանությանը օդ ու ջրի պես պետք էր հայերի ահռելի հարստությունը:
20-րդ դարի սկզբին հրատարակվող թուրքական «Ալեմտար» թերթի խմբագիր Րեֆի Ջևադ բեյն ասել է, որ իր համոզմամբ՝ հայերի նկատմամբ թուրքերի ատելությունը ոչ քաղաքական է, ոչ էլ կրոնական, այլ միայն տնտեսական:
«Ես 1915-ից հետո շրջեցի Թուրքիայով և չգտա թուրքական մի տուն, ուր չլիներ հայկական կահ կարասի, գորգեր, ունեցվածք»,-գրել է թուրք խմբագիրը:
Հայերի դեմ իրականացրած ցեղասպանության առաջնային նպատակներից մեկը հայերի հարստությունը խլելն էր, որովհետև 1-ին համաշխարհային պատերազմից առաջ հայերը` թե՛ որպես արհեստավորներ, թե՛ որպես դրամատերեր, ազդեցիկ կշիռ ունեին Օսմանյան տնտեսության համար:
Արդյունաբերությունն ու, մանավանդ, առևտուրը հայերի ձեռքում էր: Երիտթուրքական իշխանությունները խիստ մտահոգված էին, որ հայերի տնտեսական հզորացումը կբերի նաև քաղաքական հաղթանակների: Նրանք իրենց գաղտնի ժողովներում քննարկում էին հայերի վերացումով տնտեսությունը թրքացնելու և հայրերի ունեցվածքը յուրացնելու ծրագրեր:
Օսմանյան տնտեսության մեջ հայերի ներդրումը 69-80%-ի էր հասնում, իսկ օտար աղբյուրներն անգամ 90%-ի մասին են վկայում:
Ունեզրկման ծրագիրն իրականացնելու համար թուրքերն անգամ հատուկ օրենսդրություն մշակեցին: 1915 թ-ի հունիսի 1-ին հրապարակվեց «Տեղահանության մասին օրենքը», որի գործադրմամբ մեկ ու կես միլիոն հայ տեղահանվեց և բնաջնջվեց: Հունիսի 10-ին հրապարակվեց «Հայերի լքյալ գույքերի» հետ վարվելու մասին 34 հոդվածից բաղկացած հրահանգը, որից հետո նույն թվականի սեպտեմբերի 13-ին արդեն Օսմանյան խորհրդարանի մակարդակով ընդունվեց «Լքյալ գույքերի օրենքը»: Այսպիսով, օրինականացվեց հայերի լքյալ գույքի յուրացումը: