Արմենպրես-ի հաղորդմամբ՝ Հայերի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նշում է, որ թանգարան-ինստիտուտի կողմից վերջերս տպագրված և ընթերցողի դատին հանձնված  բոլոր աշխատությունները  Հայերի ցեղասպանության մասին են՝ վերապրողների հուշագրություններ, վկայություններ, ուսումնասիրություններ:

«ՀՑԹԻ կողմից հրատարակվող International Journal of Armenian Genocide Studies անգլալեզու գիտական պարբերականի  մեկ ամբողջական համար նվիրված է Արցախյան հիմնախնդրին, Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացվող ցեղասպանական քաղաքականությանը: Այս հրատարակությունը կարևորվում է հենց այս պատճառով, որ Արցախյան հիմնահարցը մատչելի լեզվով  հասանելի է դառնում լայն հանրությանը»,- ասաց Մարությանը:

Թանգարան ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը, անդրադառնալով իր հեղինակած՝ «Հալեպի փրկության տուն. Հայերի ցեղասպանությունը վերապրածների 1464 վկայություն» գրքին՝ նշեց, որ գրքում զետեղված են Ազգերի լիգայի արխիվից (Ժնև, Շվեյցարիա) բերված ցեղասպանությունը վերապրածների 1464 անձնաթերթ՝ բնօրինակ անգլերենով և հայերեն թարգմանությամբ, ճշգրտված տեղանուններով, ծանոթագրություններով և վերապրածների լուսանկարներով: Վերապրածներն ազատագրվել էին Ազգերի լիգայի հանձնակատար, դանիացի միսիոներուհի Կարեն Եփփեի ջանքերով՝ ապաստան գտնելով Հալեպի փրկության տանը: