Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ, «Բերձորի ճանապարհի շրջափակման հումանիտար հետևանքները» հարցով զեկուցող Փոլ Գավանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ․ «2023 թվականի ապրիլի 23-ին ինձ տեղեկացրին, որ Բերձորի ճանապարհի սկզբնակետում Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային անցակետ է տեղադրվել։ Ադրբեջանի այս միակողմանի գործողությունը տեղի է ունենում 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Բերձորի ճանապարհի՝ Արցախի  և Սյունիքի տարածաշրջանի միջև միակ բաց հաղորդակցության ճանապարհի խոչընդոտման շուրջ ընթացիկ աճող լարվածության պայմաններում: Բաց և անվտանգ մուտքն այս միջանցք հաստատվել և համաձայնեցվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ։ Խորհրդարանական վեհաժողովը ուշադիր հետևել է այս իրավիճակին, այդ թվում՝ հունվարին տեղի ունեցած ընթացիկ հարցերի քննարկման ժամանակ ներկայացվել է ԵԽԽՎ Հայաստանի մոնիթորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենի (Ֆինլանդիա, SOC) և Բորիանա Աբերգի (Շվեդիա, EPP/CD) զեկույցները, մարտին հրապարակվել է Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի հայտարարությունը։ Բյուրոյի որոշմամբ՝ 2023 թվականի մարտի 15-ին Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով կոմիտեի կողմից նշանակվել եմ Բերձորի ճանապարհի շրջափակման մարդասիրական հետևանքների լուծման հարցերով զեկուցող:

Ադրբեջանը պնդում է, որ Բերձորի ճանապարհը համակարգված և լայնածավալ չարաշահվում է անօրինական նպատակներով։ Մյուս կողմից, Արցախի բնակիչների տառապանքը և դրա հետևանքով առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամն արդեն լավ փաստագրված են։ Ամիսներ շարունակ մենք տարածաշրջանում ոչ միայն հռետորաբանության, այլև փաստացի մտահոգիչ էսկալացիայի ականատեսն ենք: Իրավիճակի վերաբերյալ իմ զեկույցը պետք է պատրաստվի առանց հապաղելու։ Մայիսի վերջին շաբաթվա ընթացքում ես մտադիր եմ մեկնել Հայաստան և Ադրբեջան, այդ թվում՝ խնդրո առարկա տարածաշրջան։ Իմ այցի ընթացքում, որը պետք է ներառի  Բերձորի ճանապարհում տիրող իրավիճակի վերաբերյալ առաջին ձեռքից տեղեկություններ, ես պատրաստ եմ հանդիպել բոլոր համապատասխան զրուցակիցների հետ: 

Իմ նպատակն է՝ կազմել արդար, ճշգրիտ և ազնիվ զեկույց, որը դժվար կլինի, եթե ինձ թույլ չտան սեփական աչքերով տեսնել՝ արդյո՞ք Բերձորի ճանապարհ մուտքն ազատ է և անվտանգ, ինչպես նախատեսված է 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»։