
1915 թվականների թուրք-հայկական հարաբերությունների մասին խոսելիս հիմնականում նշվում է հայերի ջարդի մասին, բայց քչերն են նշում, որ չնայած այդ ժամանակահատվածում բազում հայեր են ոչնչացվել, ամեն դեպքում հայը գլուխը ուղղակի կախ, պատի տակ չի կանգնել ու սպասել մինչև կգնդակահարեն իրեն, ծնկի չի իջել ասկյարի առաջ ու հլու հնազանդ չի մորթվել:
Հարկ է նշել, որ հայը եղել է նաև զենքը ձեռքին կռվող ֆիդայի, եղել է դիմադրող ու ապստամբ, պաշտպանել է ոչ միայն իր ընտանիքի, այլ նաև ազգի պատիվը: Հայն այդ կռվում ուղղակի չի զոհվել, նա եղել է մարտիրոս : Ճիշտ է, մեր ժողովուրդն ամբողջովին համախմբված չի եղել, ինչի հիմնական պատճառներից մեկը աշխարհագրական դիրքն էր, իսկ մյուս պատճառը 1914 թ. Հայկական կուսակցությունների կայացված որոշումը, որի համաձայն՝ Օսմանյան կայսրության հայերը պետք է ծառայեին օսմանյան բանակում, իսկ ռուսահպատակ հայերը՝ ռուսական բանակում: Այսինքն՝ կուսակցությունները նախընտրեցին, որ տարբեր պետությունների ուժերում կռվող հայերը կռվեն իրար դեմ: Ամեն դեպքում հայերն առանց ազգային երևելիների մեծ մասի (հիմնականում սպանվել էին) կարողացան որոշ քաղաքներում փայլուն ինքնապաշտպանություն կազմակերպել:

Western Armenia Tv-ին անրադարձել է Մկրտիչ Յոթնեղբայրյանին, ով եղել է 1915 թ. սեպտեմբերի 25-ին Ուրֆայում սկսված ինքնապաշտպանության կազմակերպման համար ստեղծված հինգ հոգանոց զինվորական մարմնի անդամ և ղեկավար (Մկրտիչ Յոթնեղբայրյան, Հարություն Ռաստկելենյան, Հարություն Սիմեյան, Խորեն Քյուլփելյան և Լևոն Էղբերլերյան): Դեռ 1908-ին՝ Սահմանադրությունից հետո, ուրֆայահայությունը սկսեց զինվել, բայց մարտական զենքը արժեր հայ ընտանիքների տարեկան ողջ եկամուտը: Շատերը ստիպված այգին կամ տան եղածն էին վաճառում, իսկ Մկրտիչ Յոթնեղբայրյանը բացառիկ վարպետությամբ կողոպտեց մզկիթը (հայոց երբեմնի Ս. Քառասուն Մանկանց եկեղեցին), որը հռչակված էր շքեղ ներքին հարդարման մաս կազմող թանկարժեք գորգերով: Դրանք վաճառեցին հեռավոր քաղաքներում ու փոխարենը զենք բերվեց Ուրֆա: Նա նույնպիսի վարպետությամբ կարողանում էր կառավարական պաշտոնյա ներկայանալ ու թուրքական գյուղերի հարկը հավաքել, պատերազմի ժամանակ սպայի համազգեստով մտնում էր թուրքական գյուղերն ու «զորակոչում» տղամարդկանց, իսկ գյուղից դուրս գալուն պես մեծ կաշառքների դիմաց բոլորին բաց թողնում և դարձյալ ողջ դրամը հատկացնում զենքի գնմանը: Բալկանյան պատերազմի ժամանակ ծառայելով — Հալեպում՝ գիշերային հանդուգն հարձակումների միջոցով նա տիրացավ թուրք զինվորների ունեցած զենքի խոշոր չափերին: Արաբ կամ չերքեզ ձևանալով՝ զինվորներից և անգամ սպաներից զենք և զինամթերք գնեց: Նրա այսօրինակ գործողության թագն ու պսակը Հալեպի բերդից 150 մարտական հրացանների հափշտակումն էր, որն իրականացրեց 1913 թ. փետրվարին: Երբ գողությունը բացահայտվեց ու բերդի ողջ անձնակազմը բանտարկվեց, զենքերը վաղուց հասել էին Ուրֆա, Տիգրանակերտ և անգամ Սասուն :