
Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ սակրեբուլոյի փոխնախագահը հանդես է եկել առաջարկությամբ՝ Կարծախի Ջիվանու տուն-թանգարանը վերցնել տեղական բյուջեի ֆինանսավորման տակ։ Առաջարկն արձանագրվել է հետագա քննարկման համար։ Նշենք, որ Ջիվանու տուն-թանգարանը բացվել է աշուղի 170-ամյակին՝ 2016 թվականի օգոստոսի 27-ին, ՋԱՀ-ի աջակցությամբ։ Թանգարանի ստեղծման գործում իրենց ուրույն ներդրումն ունեն նաեւ Ախալքալաքի տեղական իշխանությունները։ Թանգարանը պահում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ)։
•Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում տեղի է ունեցել բոլոր հանձնաժողովների համատեղ նիստը, որում քննարկվել է սպորտային և ֆուտբոլային հրապարակների կառուցման համար լրացուցիչ միջոցների հատկացման հարցը։ Փոփոխությունների փաթեթն ուղարկվել է բյուրոյի նիստ՝ Շրջանային ժողովի կողմից հետագա հաստատման համար։
•Ախալքալաք-Կարծախ միջազգային նշանակության ավտոճանապարհի սկզբնական հատվածը, ինչպես նաև բազում հատվածներ, պատված են դժվարանցանելի փոսերով։ Ճանապարհը, որը կառուցվել է 2010թ.-ին, վերականգնման կարիք ունի: Դրանից հետո հիմնանորոգում չի իրականացվել, միայն մասնակի վերանորոգումներ են իրականացվել որոշ հատվածներում։ Ճանապարհային գործակալության ղեկավարի տեղակալ Պավլե Գամկղրելիձեն Jnews-ին ասել է, որ իրենք աշխատում են այս խնդրի լուծման ուղղությամբ և կբարեկարգվի նաեւ Դադեշ-Կարծախ ճանապարհահատվածը։