1915-ին, երբ հայության ուժը արդեն բավականին թուլացել էր, իսկ թուրքերն էլ շարունակում էին անընդհատ համալրում ստանալ, թուրքագերմանական զորքերի հրամանատար — Ֆահրի փաշային ևս մեկ անգամ ապացուցելու համար, որ օրհասական կռվի ելած հայը երբեք այլևս գերի չի դառնա,

 Յոթնեղբայրյանը մի խելահեղ քայլի է դիմում, որն էլ պսակվում է հաջողությամբ. ամերիկացի միսիոներ Լեսլին 14 օտարերկրացիների հետ դուրս չէին եկել քաղաքից և տեղակայված էին ամերիկյան ատաղծագործարանում: Հանդիպելով նրան՝ Մկրտիչը խնդրեց սպիտակ դրոշ պարզել և հեռանալ: Մինչ թուրքերը կփորձեին իրենց ուժերը հաստատել այս տարածքում, հայերն արդեն դիրքավորվել էին այստեղ, քսան հոգանոց մարտախումբը զբաղեցրել էր շինությունները, իսկ թուրքական համազգեստ հագած տասը մարտիկներ էլ դիրքավորվել էին բողոքականների վարժարանի մարզադաշտում, և երբ թուրքերը իրենց դիրքերից անարգել իջան ամերիկյան հաստատության շենքերը՝ միահամուռ հարձակում սկսվեց, թուրքերն այս անակնկալ հարձակումից քարացել էին և չգիտեին ինչ անել, երբ փորձեցին վազել դեպի իրենց «եղբայրները»՝ մարզադաշտ, այստեղ էլ նրանց գնդակներով դիմավորեցին:

Հավելենք նաև, որ վիրավոր Յոթնեղբայրյանը թշնամու ձեռքը չընկնելու համար ինքնասպան է եղել։ Թերևս նման դրվագներ և նման հայորդիների հնարավոր է մեծ քանակությամբ թվարկել, ինչպիսիք են, օրինակ, — Սեբաստացի Մուրադը, Կայծակ Առաքելը, Տոնիկ Տոնիկյանը, Գևորգ Չավուշը, Անդրանիկ Օզանյանը և էլի շա՜տ ու շա՜տ նման քաջեր: Ի վերջո, մենք միշտ պիտի գլուխներս բարձր պահենք, քանի որ նույնպես հայ ենք ու ինչ-որ չափով մեր ազգի գոյության համար պարտական ենք վերոնշյալ ու նրանց նման բազում քաջերի: Վերջում ցանկանում եմ մեջբերել Թալեաթի խոսքերը՝ կապված Ուրֆայի ինքնապաշտպանության հետ. 

«Եթե Ուրֆայի ապստամբությունը խորապես ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ այստեղի հեղափոխական շարժումը լավագույն ձևով կազմակերպված ապստամբական ելույթներից մեկն էր: Գետնափոր նկուղների և սենյակների մեջ անհամար թվով զենք և ռազմանյութ էր լցված, 9-10 շաբաթվա չափով պարեն էր ամբարված: Այս քաղաքի մեջ 16-17 տարեկան երկսեռ պատանեկությունը զինավարժ էր և նշանառու»: