
ՀՀ զինված ուժերի գլխվոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկ քաղաքում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնային հենց դիրքերում ներկայացրեց, թե սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների արդյունքում հակառակորդը որքան է ներթափանցել Հայաստանի Հանրապետության տարածք:
«Ես անմիջական տարածքում ցույց կտամ, թե Ջերմուկ քաղաքի համար ինչ վտանգ է ներկայացնում հակառակորդի ներկայությունը Հայաստանի Հանրապետության տարածքում: Ընդհանուր մակերեսային առումով ներթափանցած տարածքը կազմում է 60,06 քառակուսի կիլոմետր՝ ճակատով մոտ 11 կմ, խորությամբ մոտ 8 կմ: Մեր գնահատմամբ Ադրբեջանի զինված ուժերը նպատակ էին հետապնդում դուրս գալ Ջերմուկ քաղաքի վրա եւ տնտեսական լուրջ հարվածներ հասցնել Հայաստանին: Ընդ որում, 44-օրյա ռազմական գործողությունների ավարտից հետո նրանց քայլերը սկսվել էին 2021-ի մայիսի 12-ից: Այդ ժամանակ գործողությունները նմանվում էին փափուկ ուժի կիրառմամբ խնդիրների կատարման, իսկ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին ռազմական ագրեսիա էին Հայաստանի հանդեպ։ Նրանց գործողությունները ոչ միայն Վայոց Ձորի ու Ջերմուկի ուղղությամբ էր, այլ նաեւ Սյունիքի մարզում 2 հիմնական ուղղություններով, Գեղարքունիքի մարզում 2 ուղղություններով, այս ուղղությամբ, ընդհանուր 5 ուղղությամբ»,-ասել է Էդվարդ Ասրյանը:
Ասրյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին ցույց է տվել, թե որտեղ էին ադրբեջանական դիրքերը նախքան սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիան եւ որտեղ են հիմա նրանք գտնվում: