
Ապրիլի 23-ին Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին՝ Հակարի գետի վրա կառուցված կամրջի սահմանին Բաքվի իշխանությունների տեղադրած սահմանային անցակետ տեղադրելու օրվանից՝ արցախահայ երիտասարդության շրջանում սկսվել է «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը, որը Արցախի ողջ բնակչության անունից պահանջագիր է հրապարակել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններին, ՌԴ նախագահին՝ նաեւ որպես խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավարի, ՀՀ վարչապետին: Կազմակերպվել է նաեւ ստորագրահավաք:
Շարժումը պահանջում է վերացնել Բաքվի իշխանությունների վարած՝ Արցախում հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը, ապահովել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը, վերացնել սահմանային անցակետի տեղադրմամբ Արցախի լիակատար շրջափակումը: Միաժամանակ նշվում է, որ պահանջագրի հրապարակումից հետո 7 օրվա ընթացքում հասցեատերերի կողմից գործնական քայլեր չձեռնարկվելու դեպքում Արցախի բնակչությունը ստիպված է լինելու դիմել անհրաժեշտ միջոցների եւ մեթոդների՝ հայրենիքում ապրելու իր իրավունքը պաշտպանելու համար: