
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 28-ին ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառման միջոցով:
«Ողջունել եմ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին՝ նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել նրան հաջողություններ խաղաղապահ առաքելության ընթացքում: Քննարկել ենք Արցախի շուրջ և խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակն ու առկա խնդիրները, Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:
Ընդգծել եմ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը և կարևորել Բերձորի ճանապարհի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը»,- ասված է գրառման մեջ:
Հանդիպմանը ներկա էին Հայաստանում՝ Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը և Արցախում՝ ՌԴ խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը:
Արևմտյան Հայաստանի կառավարությունը հիշեցնում է, որ խնդիրը ոչ միայն Բերձորի ուղղությամբ ճանապարհ բացելն է, այլ ադրբեջանական ահաբեկիչների կողմից գրավված տարածքները Արցախ և հետևաբար Արևմտյան Հայաստան վերադարձնելը։