
Ապրիլի 28-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ «Արցախի վտանգված քրիստոնեական մշակույթը» թեմայով։Ժոողվին հրավիրված էին մասնագետներ Հայաստանից, Գերմանիայից և այլ երկրներից։
Հայկական կողմից համաժողովին մասնակցում էին Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, հուշարձանագետ Համլետ Պետրոսյանը։
Համաժողովը բաղկացած էր երկու մասից։ Առաջինում տեղի ունեցան աշխատանքային-մասնագիտական փակ քննարկումներ, որտեղ հայ և օտար մասնագետները ներկայացրեցին Արցախի հայկական-քրիստոնեական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և ընդհանրապես միջազգային իրավունքի ոտնահարումները, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը, Արցախին միջազգային պաշտպանության տակ առնելու հնարավորությունները, երկրորդ մասը բաց էր նաև հայ և օտար այցելուների համար։ Միջոցառումը բացվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով, որն ընթերցեց Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։
Համաժողովը վարում էր ԳԴՀ-ի նախկին արտգործնախարար Մարկուս Մերկելը։