Այս պահի դրությամբ Շուշիի հատվածում ճանապարհը շարունակում է փակ մնալ և իրավիճակի որևէ փոփոխություն չկա:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ պետք է նաև հաշվի առնել, եթե նույնիսկ այդ հատվածը բացվի, ապա չի նշանակում, թե Արցախի շրջափակումը վերացվել է, որովհետև Բերձորի ճանապարհին՝ Հակարիի կամրջի մոտ կան ադրբեջանական սահմանապահներ և անցակետ է տեղադրվել:

«Նշանակում է, որ եթե մինչև ապրիլի 23-ը շրջափակումն իրականում կար, բայց ադրբեջանական կողմը ձևացնում էր, թե իբր պետությունը դրա հետ կապ չունի, սակայն իրենց կառավարության գործակալների, նույնիսկ կարող եմ ասել` էկոահաբեկիչների ձեռքով էին անում, հիմա դա վերացնելով, արդեն պաշտոնապես են շրջափակում՝ ապրիլի 23-ից ի վեր: Միակ դրական կողմը ճանապարհի այս հատվածը բացելու, եթե իհարկե իրականում դա տեղի ունենա, այն կլինի, որ Շուշիի շրջանի չորս գյուղերը` Լիսագոր, Եղցահող, Մեծ շեն և Հին շեն, ուղղակի կապ կունենան Ստեփանակերտի և Արցախի մնացած բնակավայրերի հետ: Դրանից ավելին, այդ թվում` քաղաքացիների, մեքենաների բեռների երթևեկության, տեղափոխության ռեժիմի որևէ փոփոխություն իրատեսական չէ, հատկապես, որ շրջափակումն ավելի վատ պայմաններում է շարունակվում: Այս պահին որևէ միտում չկա, որ անցակետը վերացվելու է»,- նշել է Ա. Բեգլարյանը: