
Տարբեր աղբյուրներում հանդիպում են կցկտուր տվյալներ, որոնք վկայում են, որ Սասունում մնացել են ինչպես Հայերի դեմ իրականացրած ցեղասպանության ժամանակ բռնի իսլամացված, այնպես էլ տարբեր ճանապարհներով փրկված քրիստոնեադավան հայեր։
Հայտնի է, որ Հայերի դեմ իրականացրած ցեղասպանությունը զուգորդվել է նաև հայկական մշակութային հուշարձանների ոչնչացմամբ (մշակութային ցեղասպանություն), և 1915-ից հետո Արևմտյան Հայաստանի տարածքի կիսավեր կամ ամբողջովին ոչնչացված եկեղեցիներում ու վանքերում անհնար է եղել հայ հոգևորականների ներկայությունը։ Այս պայմաններում Սասունի վերապրած քրիստոնյա հայերը կրոնական ծեսերի կատարման հարցում բախվել են լուրջ խոչընդոտների։ Միամտություն կլինի կարծել, թե Ցեղասպանությանը հաջորդած տարիներին քրիստոնեությունը պահպանած սասունցիներին հայ հոգևորականով չապահովելը միայն Հայոց պատրիարքության «անտարբերություն»-ից է բխում։ Պարզ է, որ Թուրքական իշխանությունները լուրջ հսկողությունը թույլ չի տվել հայ հոգևորականներին գալ Արևմտյան Հայաստանի տարածքներ, իսկ հազվադեպ գաղտնի այցերին միշտ հետևել են ճնշումներ, բռնարարքներ:
Ահա այսպիսի պայմաններում գոյատևած քրիստոնեադավան սասունցիների կղզյակների հանդեպ արդեն 1950-ականներին սկսվում է իսլամացման ալիքը: 1950-ականների վերջին Թուրքական իշխանությունների տարբեր գերատեսչությունների կողմից հայերին իսլամ ընդունելու կոչ-պահանջ է ներկայացվել, որը, սակայն, հակազդեցություն է առաջացրել սասունցիների մի մասի շրջանում, որոնք մերժել են պարտադրված կրոնափոխությունը:Սակայն ճնշումները շարունակվել են, ընդ որում՝ դրանցում ընդգրկվել են նաև ուժային կառույցները: Այս ամենի հետևանքով քրիստոնյա հայերի մի մասը, գոնե արտաքուստ, տեղի է տվել և ընդունել իսլամ: Բռնի մեթոդներին զուգահեռ թուրքական Թուրքական իշխանությունները գործի է դրել նաև այլ միջոցներ, և առանց հոգևորականի հայկական գյուղեր հաճախ սկսել են այցելել մուսուլմանական իմամներ, շեյխեր, որոնք փորձել են համոզել տեղի բնակչությանը կամովին ընդունել իսլամ, որպեսզի հնարավոր լինի կատարել իրենց արարողությունները` հարսանիք, կնունք, թաղում և այլն: Այս մեթոդը նույնպես արդյունք է տվել, քանի որ հովվապետից զրկված հայերը ստիպված են եղել դիմել այդ քայլին: Սակայն ուշագրավ է, որ ըստ մեր զրուցակիցների, իրենց ազգակիցների կրոնափոխությունը միանշանակ չի ընդունվել շրջապատի հայերի կողմից, որոնք անթաքույց քննադատել են կրոնափոխներին։ Երբեմն դա օգնել է իսլամացման դադարեցմանը կամ ծավալների նվազմանը: Ըստ տարբեր աղբյուրների վկայությունների՝ այդ վայրերում հայերի իսլամացման դեպքեր գրանցվել են նաև ավելի ուշ տարիներին, օրինակ` 1980-ականներին: Շարունակվող հալածանքները ստիպել են Սասունի վերապրած հայերի մի մասին տեղափոխվել Պոլս, մի մասն ընդունել է թուրքական պետության և ստեղծված վիճակի պարտադրած կրոնը, մի մասն էլ վերածվել է ծպտյալ քրիստոնյաների։ Հարկ է նկատել, որ այդ ժամանակահատվածում նմանատիպ քաղաքականություն է կիրառվել Արեւմտեան Հայաստանի տարբեր վայրերում վերապրած հայության խմբերի նկատմամբ։ Այս ամենը փաստում է, որ Թուրքական իշխանությունը շարունակել է Օսմանյան կայսրության որդեգրած բռնի իսլամացման քաղաքականությունը, որը, ի վերջո, տվել է իր արդյունքները, և այսօր Արևմտյան Հայաստանի տարածքում` չհաշված առանձին կղզյակները, բացահայտ քրիստոնյա հայեր գրեթե չկան: