
Արևմտյան Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությաբ, ներկա գտնվեց Երևանում՝ Ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված արարողությանը։ Նախագահը ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ՝ ոգեկոչելով Արևմտյան Հայաստանում ցեղասպանված բնիկ հայերի հիշատակը։
ԱՀՀ պատվիրակության կազմում էին նաև վարչապետ Սեդա Մելիքյանը, Ազգային Ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը, պատգամավորներ և այլ հյուրեր։
Մինչ արարողության մեկնարկը, մասնակիցները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին՝ հոտնկայս և մեկ րոպե լռությամբ։
Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը իր ելույթը սկսեց ողջույնի և շնորհակալական խոսքերով «Հարգարժան տիկին վարչապետ, պատգամավորության թեկնածուներ և հյուրեր,մենք այսօր այստեղ ենք հիշելու մեր զոհերին, արդյո՞ք միայն հիշել է պետք թե ի՞նչ կատարվեց մեր ազգի հանդեպ։ Արևմտյան Հայաստանը միայն չի՛ հիշում թե ի՞նչ կատարվեց 1894 թվականից ի վեր։ Մենք բոլորս, որպես Արևմտյան Հայաստանի զավակներ այստեղ ենք՝ մեր իրավունքները պաշտպանելու համար, աշխարհին ներկայացնելով, որ չենք ընդունում արդեն կատարավածը և հիմա՛ կատարվող հանցագործությունները՝ այդ թվում նաև Արցախում։ Դուք ևս գիտեք, որ թշնամին մինչ օրս՝ ամեն օր շարունակում է սպանել մեր զինվորներին։ Մենք հիշում ենք, որ ունենք իրավունքներ և այդ իրավունքների մասին հայտարարում ենք պաշտոնապես, որպեսզի այդ իրավունքները իրականացվեն»։ Այնուհետև մասնակիցների ուշադրությունը հրավիրեց Ցեղասպանության զոհերին նվիրված կառույցի վրա, նշելով․ «Ցեղասպանության հուշահամալիրի պատի վրա գրված են Արևմտյան Հայաստանի քաղաքների անունները, իսկ ինչու՞ չկա գրված Արևմտյան Հայաստանի անունը։ Ի՞նչ անուն դրեցինք մեր հայրենիքի վրա՝ Թուրքիա, Անատոլիա, Օսմանյան Կայսրություն։ Մենք ունենք հազարավոր տարիների պատմություն՝ մեր հայրենքիում և ամեն սանտիմետրը մեզ է պատկանում»։ Նա խոսքը եզրափակեց հետևյալ կերպ․ «Մենք իրավունք չունենք սխալվելու, մեր սխալները՝ մենք վճարում ենք մեր երեխաների արյամբ։ Իհարկե հիշողությունը շատ կարևոր է, բայց ապրել որպես հա՛յ, պաշտպանել մեր պետականության և ամբողջականության հիմքերը՝ առավել կարևոր է։ Եթե բնիկ ազգը չի ուզում մեռնի՝ չի մեռնելու»։
Արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան նաև ԱՀՀ վարչապետը և ԱԺ պատգամավորության թեկանածուներ Աշոտ Հարությունյանը և Ռոմել Դեմիրճյանը։ Իսկ վերջում Արևմտյան Հայաստանի Հանրապետության անձնագրեր հանձնվեցին մի քանի քաղաքացիների։
