
Այսօր էլ թուրքական մամուլում երբեմն հայտնվում են նյութեր, որոնք փաստում են, որ Արևմտյան Հայաստանում տարբեր գավառներում մնացած հատուկենտ քրիստոնյա հայերի նկատմամբ չի դադարել իսլամացման քաղաքականությունը, որին նպաստում են նաև հասարակության տարբեր շերտեր: Այսպես, թուրքական «Հյուրիյեթ» թերթի հրապարակումներից մեկում նշվում է, որ Քասթամոնուի Քափաքլը գյուղի բնակիչ, 53-ամյա Ասատուրը 2004թ. իսլամ է ընդունել` վերցնելով Ահմեթ Քազերօղլու անուն-ազգանունը: Նման քայլի է դիմել նույն գյուղի մեկ այլ բնակիչ՝ 68-ամյա Նամըք Օզչելիքը: Ցավոք, հայերի կրոնափոխության նորօրյա գործընթացներում նկատվում են նաև Արևելյան Հայաստանցիները. օրինակ` 2009թ. Արևելյան Հայաստանի քաղաքացի Հերմինե Անդրանիկյանը, ամուսնանալով Թուրքիայի Բուրսա քաղաքի բնակիչ Էրսին Մանթըի հետ, փոխել է կրոնը և ընդունել Էմինե անունը: Արևմտյան Հայաստանում ներկայումս բնակվող կրոնափոխ հայերի խնդրի ամենաբարդ կողմերից է նրանց թվաքանակի հարցը, քանի որ հստակ թվեր ներկայացնելը կապված է մի շարք խոչընդոտների հետ: Շրջանառվող թվերը տատանվում են հարյուր հազարից մինչև մի քանի միլիոնի սահմաններում, սակայն մենք հակված ենք ավելի զուսպ գնահատականների: Բացի այդ, խոսելով թվերի մասին` պետք է տարբերակումներ արվեն ծպտյալ և իսլամացված հայերի ու նրանց սերունդների, խառնածինների միջև, ինչն էլ ավելի է բարդացնում խնդիրը։