
Մայիսի 2-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի շրջանակներում տեղի է ունեցել թեմատիկ քննարկում՝ «Մշակութային ժառանգության պաշտպանությունը զինված հակամարտությունների ընթացքում» խորագրով, որը կազմակերպել էին ԱԽ-ում Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական ներկայացուցչությունները։
Քննարկմանը ելույթներով հանդես են եկել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն և ՄԱԿ մի շարք անդամ-պետությունների ներկայացուցիչներ:
Իր ելույթում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն անդրադարձել է Բաքվի իշխանությունների կողմից Արցախում և ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային կոթողների ավերվածություներին` նշելով, որ նման գործողությունները Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հայկական ներկայացվածության համակարգված վերացման քաղաքականության մաս են կազմում:
Դեսպան Մարգարյանն ընդգծել է, որ հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի ավելի վաղ շրջանի ոտնձգությունները ևս փաստագրված և լայնորեն լուսաբանված են` օրինակ բերելով Նախիջևանի հայկական միջնադարյան եկեղեցիների և 5000-ից ավել խաչքարերի ոչնչացումը։
ՀՀ մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ Հայաստանը շարունակաբար կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, այնինչ Ադրբեջանը մշտապես խոչընդոտել է տեղում փաստերի անկախ և անաչառ գնահատական տալու միջազգային կառույցների ջանքերը։
Քննարկման տեսագրությունը հասանելի է ՄԱԿ պաշտոնական կայքում՝ https://media.un.org/en/asset/k13/k13p26mim0