
Պաշտոնական Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Արցախի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փոխանցում են Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից։
Պետքարտուղարության խոսնակը շեշտել է՝ Արցախի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում:
«Չափազանց շատ կյանքեր խլած ու շատ երկար տևող հակամարտությանը տևական կարգավորում գտնելու միակ ճանապարհն այն է, որ ի վերջո այս մարդիկ իրենց ապահով զգան իրենց տներում, և նրանց իրավունքները պաշտպանված լինեն», — փոխանցել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից, հավելելով, որ Միացյալ Նահանգները աջակցում է «երկարատև, կայուն համաձայնությանը, որը խաղաղության հիմք կարող է դնել»։
Միաժամանակ, Պետդեպարտամենտն ընդգծում է, որ հարաբերությունները կարգավորելու համաձայնության շրջանակը, բնույթն ու բովանդակությունը պետք է կողմերը որոշեն. — «Վաշինգտոնը պատիվ ունի հյուրընկալելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, մինչ նրանք աշխատում են խաղաղության ուղղությամբ։ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասում խաղաղ ապագան առաջ մղելու նպատակին։ Կողմերի ուղիղ երկխոսությունը երկարատև խաղաղությանը հասնելու և խնդիրները լուծելու բանալին է»։