
Բռնի կրոնափոխված հայերի շրջանում տեղի են ունենում տարատեսակ գործընթացներ, որոնցից մի քանիսն արժանի են հատուկ ուշադրության։ Դրանց թվին է պատկանում քրիստոնեություն վերընդունելու կամ կրոնադարձման երևույթը։ Այս խնդիրը գտնվում է նաև թուրքական տարբեր կառույցների ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում։ Մասնավորապես, թուրքական իշխանությունների նախաձեռնությամբ վերջին տարիներին հանգամանալից հետազոտություն է կատարվել Արևմտյան Հայաստանից իսլամից հրաժարված և այլ կրոն, հիմնականում՝ քրիստոնեություն ընդունած քաղաքացիների մասին: Խնդիրը քննության է առնվել նաև միսիոներական շարժման ակտիվացման համատեքստում։ Ներկայացված է, թե Արևմտյան Հայաստանում եկեղեցու վերածված ինչքան տներ են գործում, քանի Ավետարան է բաժանվել մարդկանց և այլն: Սրանով փորձ է արվել պատասխանել նաև բավական աշխույժ քննարկվող «քրիստոնեություն ընդունող թուրքեր» խնդրին, և, ի վերջո, եկել են այն եզրակացության, որ կրոնափոխվածների գերակշիռ մասը ոչ թե թուրքեր են, այլ Արևմտյան Հայաստանում ապրող այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներ (հայեր, հույներ, ասորիներ): Մանրակրկիտ ուսումնասիրվել են բնակչության գրանցամատյանները՝ ավելի քան 100 տարվա ընդգրկմամբ, որպեսզի տրվի այս հարցերի հստակ պատասխանը: Արդյունքում՝ հայտնի են դարձել նաև հայերիս համար հետաքրքիր որոշ տվյալներ. այսպես, պարզվել է, որ 1916-2004թթ. Արևմտյան Հայաստանում իսլամից պաշտոնապես հրաժարվել է մոտ 2000 քաղաքացի, մանրամասն ուսումնասիրությունն ի հայտ է բերել, որ նրանց մեծ մասը կամ ավելի կոնկրետ՝ 1340-ը, ծագումով հայեր են, որոնք վերընդունել են քրիստոնեություն: