
Ռեյմոնդ Վահան Դամադյանը մեծանուն գյուտարար է, ներկայումս ` մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ անվամբ հայտնի մագնիսածրող սարքի ստեղծողը։
Դամադյանը ծնվել է 1936 թվականին Նյու Յորքում՝ Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից փրկված Վահան Դամադյանի և Օդետ Եզինջյանի ընտանիքում։ Չնայած բժշկության մեջ հեղափոխական դեր ունեցած այս հայտնագործությանը՝ ՄՌՏ-ի ոլորտի զարգացման գործում մեծ ներդրում բերած գիտնականներին պարգեւատրելիս Դամադյանին անպատիվ կերպով մերժել են արժանացնել Նոբելյան մրցանակի։ Այնուամենայնիվ, Դամադյանը պարգեւատրվել է ԱՄՆ Տեխնոլոգիայի ոլորտի պետական շքանշանով, ներառված է Ազգային գյուտարարների փառքի դիվանում եւ «ՄՌՏ տեսածրիչի հայտնագործության համար» ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի Լեմելսոնի անվան մրցանակը, որը տրվում է գյուտարարներին։ Նրա առաջին սարքավորումը, որը կրում էր «Անսանձելի» անունը, պահպանվում է Վաշինգթոնի Սմիթսոնյան թանգարանում։
