Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանն ու յուրացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին, որտեղ մասնավորապես ասվում է․ «Խստիվ դատապարտում ենք Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահի կողմից մայիսի 2-ին արված հայտարարությունն այն մասին, թե հայ վանականները պետք է լքեն Դադիվանքը, քանի որ այն իբր պատկանում է Կովկասյան Ալբանիային և վաղ թե ուշ կկառավարվի ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից: Ադրբեջանի պետական մարմնի ղեկավարի այդ հայտարարությունը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման կոպիտ խախտում և հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի իշխանությունները ծրագրված գործողություններով քայլ առ քայլ իրականացնում են Արցախի հայաթափման, հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ու յուրացման հետևողական քաղաքականություն։ Այս համատեքստում հարկ ենք համարում հիշեցնել, որ 2020 թ. նոյեմբերից Դադիվանքը գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ, որոնք կոչված են ապահովելու քաղաքացիների անխափան և անվտանգ մուտքը սրբավայր։ Ավելին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որպես համաշխարհային առաջատար մասնագիտացված կազմակերպություն, բազմիցս ընդգծել է, որ պատմամշակութային ժառանգությունը չպետք է քաղաքական նպատակների գործիք դառնա։ 2020 թ․ պատերազմի և Արցախի տարածքների բռնազավթման արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել շուրջ 1.5 հազար հայկական պատպամշակութային և կրոնական հուշարձաններ: Իսկ պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը նախաձեռնել է հայկական պատմական և կրոնական ժառանգության «ալբանիզացման» քաղաքականություն:

Ադրբեջանական վանդալիզմի վառ օրինակներից են նաև պատերազմի ժամանակ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծումը, իսկ այնուհետև վերանորոգման քողի տակ իրականացվող այլափոխումը, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) ոչնչացումը, Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ամբողջական ավերումը և այլն։ 

Այսպիսով, Ադրբեջանը, փորձելով ամեն կերպ դուրս մղել արցախցիներին իրենց պատմական հայրենիքից, Արցախի դեմ վարում է ոչ միայն էթնիկ զտման, այլ նաև մշակութային ցեղասպանության քաղաքականություն։ Կրկին դիմում ենք ողջ միջազգային հանրությանը, համապատասխան բոլոր միջազգային կառույցներին, և առաջին հերթին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, հորդորելով ձեռնարկել հրատապ և արդյունավետ քայլեր՝ ապահովելու միջազգային առաքելությունների և համապատասխան փորձագետների մուտքն Արցախի գրավյալ տարածքներ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային օբյեկտների ու հուշարձանների վիճակը գնահատելու և միջազգային պաշտպանության տակ առնելու նպատակով»: