Արցախի կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված, և սրա հետ պետք է հաշվի նստել, «Արմենպրեսի» հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նկատելով, թեև Ադրբեջանի նախագահն արդեն երրորդ տարին շարունակ փորձում է աշխարհին համոզել, թե Արցախի հիմնախնդիրը լուծված է, և որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն այլևս գոյություն չունի։

Արցախի նախագահը հիշեցնում է՝ 1992 թվականի հունվարի 30-ին Ադրբեջանը, ճանաչված լինելով ընդամենը մի քանի պետությունների կողմից, Հայաստանի հետ նույն օրն անդամագրվեց ԵԱՀԽ-ին։ Ըստ Հարությունյանի՝ այդ պետությունների ինքնիշխանությունը ԵԱՀԽ-ի կողմից ճանաչվել էր այն պայմանով, որ նրանք իրենց հերթին ճանաչում են Արցախի պատկանելության շուրջ տարաձայնությունների առկայության փաստը և համաձայնվում են, որ Արցախի ապագա կարգավիճակը որոշվելու է ԵԱՀԽ հովանու ներքո անցկացվելիք խաղաղության համաժողովի ժամանակ։

«Երկու պետություններն էլ տվել են նման համաձայնություն, դրանով իսկ ընդունելով Արցախի՝ վիճելի տարածքի միջազգային կարգավիճակը և ստանձնելով հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն»,-ասում է Արայիկ Հարությունյանը։

Արցախի Հանրապետությունը դե-ֆակտո կայացել է 1992-94 թվականներին Արցախյան առաջին պատերազմում ձեռք բերած հաղթանակի արդյունքում, նշում է Հարությունյանը։

Նախագահ Հարությունյանը մոռանում է նաև, որ մինչև 1921թ. Հայաստանի խորհրդային օկուպացիան, Արցախը եղել է Հայաստանի անբաժանելի մասը, որը ստացել է իր բոլոր միջազգային ճանաչումները։