
Կարելի է ասել, որ Արևմտյան Հայաստանի բռնի կրոնափոխված հայության մեջ էթնիկ և ազգային ինքնագիտակցության մակարդակով ու նկարագրով առանձնանում է ծպտյալ հայերի խումբը, որն ի տարբերություն իսլամացված հայերի այլ խմբերի՝ ձգտում է անաղարտ պահել նաև էթնիկ նկարագիրը։ Ուշագրավ է և, միևնույն ժամանակ, կարևոր, որ այս խմբի հայերի ընտանեկան կենցաղում ևս պահպանվել են ներէթնիկ ինքնագիտակցության հետաքրքիր դրսևորումներ, որոնցից կուզենայինք առանձնացնել հատկապես ներքին ամուսնությունների սովորույթը։ Ի՞նչ է սա ենթադրում. ծպտյալ հայերն արտաքուստ մուսուլման ներկայանալով՝ ոչ միայն գաղտնի շարունակում են ազգային-կրոնական որոշ սովորույթներ, այլև ձգտում են ամուսնանալ իրենց նման ծպտյալ հայերի հետ։ Ընդ որում՝ ներքին ամուսնությունների ժամանակ երկրորդ պլան են մղվում տարիքային, դասակարգային, սոցիալական և այլ խոչընդոտներ։ Այսինքն՝ ծպտյալ հայերը, կարելի է ասել, էթնիկ ինքնապահպանման բնազդով ձգտում են պարտադիր ամուսնանալ հայի հետ։ Ներքին ամուսնությունների ինստիտուտը ենթադրում է նաև ծպտյալ հայերի շրջանում որոշակի ցանցի առկայություն, որը թույլ է տալիս նրանց, թեկուզ հեռակա, ճանաչել միմյանց։ Երբեմն այս վարկածի օգտին է խոսում նաև ներքին ամուսնությունների աշխարհագրությունը, երբ բավական հեռու գյուղերի բնակիչներ ամուսնանում են իրար հետ։ Որոշակի փաստեր կան, որոնք թույլ են տալիս եզրակացնել, որ հատկապես ինքնաբացահայտված և կրոնադարձված ծպտյալ հայերի շրջանում եզակի են արձանագրվում նաև բացահայտ հայերի հետ ամուսնություններ։