
Միացյալ Թագավորության Բրիտանական թանգարանում մայիսի 4-ին բացվել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում են ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։
Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, գիտության և մշակույթի գործիչներ, որոնց համար հատուկ բացատրություն է անցկացրել Բրիտանական թանգարանի Մերձավոր Արևելքի դեպարտամենտի տնօրեն, ցուցահանդեսի համադրող Ջեյմս Ֆրեյզերը։ Նա նշել է, որ այցելուների հատուկ խմբի համար կազմակերպված փակ դիտումների ժամանակ հատկապես ուշադրության է արժանացել Հայաստանի պատմության թանգարանից տրամադրված արջակերպ ծիսանոթը, որը մեկ ցուցափեղկում է համադրված Բրիտանական թանգարանում պահվող մեկ այլ բարձրարժեք ցուցանմուշի՝ Անահիտ աստվածուհու կիսանդրու հետ:
Բացման հանդիսավոր խոսքում Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատմության թանգարանին և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին արդյունավետ համագործակցության համար։
