
Մայիսի 4-ը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հիմնադրման օրն է:
44-օրյա պատերազմից հետո Կարմիր շուկան դարձել է սահմանապահ համայնք, իսկ բնակիչները ապրում ու արարում են թշնամու ուղիղ նշանառության տակ։ Նրանց հավաստմամբ, սակայն, դա չի կարող խանգարել, որպեսզի շարունակեն մշակել հողը, վառ պահել օջախները` դրանով իսկ նպաստելով հայրենի գյուղի շենացմանը։ Օրվա խորհրդով` Կարմիր շուկայի ակումբում կազմակերպվել է միջոցառում։
«Համայնքի բնակիչները պատերազմից հետո ավելի մեծ եռանդով են սկսել արարել։ Ոչ մի սադրանք չի կարող կասեցնել մեր ընթացքը, կասկածի տակ դնել մեր հայրենասիրությունը։ Հերոսական այս գյուղի համար ընկած տղաների թափած արյունը զուր չի կարող լինել։ Թշնամական դիրքերի ամենօրյա ուղիղ նշանառության տակ մենք շարունակում ենք հաստատակամորեն ապրել մեր բնօրրանում։ Տարվա այս օրերին հող ենք մշակում, այգի տնկում և հույս ունենք, որ տարին բերքառատ կլինի»,-«Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը։
Նա ընդգծել է, որ համայնքում իրենց բնականոն գործունեությունն են իրականացնում համայնքապետարանը, բուժկետը, դպրոցը, մանկապարտեզը, ակումբն ու մշակույթի տունը:
Արևմտյան Հայաստանի ղեկավարությունը ոգեղեն ամրություն է մաղթում Կարմիր շուկա գյուղի բնակիչներին, հիշեցնելով որ աշխարհաքաղաքական այս գործընթացում դեռ շատ փոփոխություններ են լինելու։