
Գուրգեն Յանիկյանը հայ նորագույն պատմության ուղղությունը որոշողներից մեկն էր։ Կարինցի հայը դեռ երեխա էր, երբ իր ազգի մեծագույն ցավի՝ Հայերի դեմ իրականացրած ցեղասպանության ականատեսը եղավ, ի թիվս այլ ազգակիցների տեսել էր նաեւ ավագ եղբոր գլխատումն ու մոր՝ խելագարության շեմին հասնելը։ Ամբողջ կյանքի ընթացքում Յանիկյանը հնարավոր բոլոր խաղաղ միջոցներով փորձեց հասնել հայության ցեղասպանությունն իրականացնողների պատժին եւ հայրենակիցների վրեժը լուծելուն, բայց նրան բոլորովին այլ որոշում ու գործ էր նախատեսված ի վերուստ։ 1973 թ. հունվարի 27-ին՝ 78 տարեկանում, Գուրգեն Յանիկյանը հաստատակամորեն 13 փամփուշտ արձակեց Սանտա Բարբարայում թուրքական հյուպատոսի ու փոխհյուպատոսի վրա։ Զանգահարեց ոստիկանություն, ապա նրանց ժամանելուց հետո հայտարարեց, որ ինքն է սպանության հեղինակը։ Դատապարտվեց ցմահ ազատազրկման։ 1984-ի փետրվարի 10-ին բանտից փոխադրվեց հիվանդանոց, որտեղ եւ մահացավ 17 օր հետո։
Մահվան լուրը հրապարակվեց «Նյու-Յորք Թայմս» ամսագրում 1984թ. մարտի 1-ին։ Փոքրիկ լուր էր ոչ հավաստի տեղեկատվությամբ եւ վերնագրված էր՝ «Բանտարկված հայը մահացել է»։
Բովանդակությունը հետեւյալն էր․
«Ազգությամբ հայ գրող եւ ճարտարագետ Գուրգեն Մկրտիչ Յանիկյանը, ով 1973թ. Կալիֆոռնիայում սպանեց երկու թուրք հյուպատոսների, երկուշաբթի օրը բնական մահով բանտում կնքեց իր մահկանացուն: Նա 88 տարեկան էր: Սպանություն կատարելու համար նա 1973թ. հուլիսին դատապարտվել էր ցմահ բանտարկության»:
Սանտա-Բարբարայի այս կրակոցներով սկսվեց հայ վրիժառության պայքարը` հայկական պահանջատիրության նոր փուլը։ Յանիկյանը համարվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ) կամ «ASALA»-ի` հոգեւոր հիմնադիրը։
1975-ի հունվարի 20-ին Բեյրութի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գրասենյակի մոտ ռումբ պայթեց: Գործողության պատասխանատվությունը վերցրեց «Գուրգեն Յանիկյան զինվորական խումբը»։ Հենց այդ օրն էլ սկսվեց համարվել ASALA-ի պաշտոնական հիմնադրման օրը։ Հետագա ամիսներին եւ տարիներին՝ մինչեւ 1990թ. դեկտեմբերը, ASALA-ն իրականացրեց 300 զինյալ գործողություն աշխարհի տարբեր երկրներում:
