
Դերսիմի ջարդերի զոհերի ոգեկոչման շրջանակներում Դերսիմի Աշխատանքի և Ժողովրդավարության Պլատֆորմի ղեկավարությունը կազմակերպել է ոգեկոչման միջոցառում Դերսիմի Կըզըլքիլիսե գավառի Երեսք գյուղում, որտեղ նույնպես տեղի են ունեցել ջարդեր։ Հիշատակի արարողության ժամանակ մոմավառություն կատարվեց և ջարդերի ականատեսները պատմեցին կատարվածի մասին։ Ջարդի ականատես Թուրան Գյուլն այսպես է ասել. «Նրանք նույնիսկ փոքր երեխաներին դպրոցներից տարան և սպանեցին։ Մի կին սպանվեց և բերանքսիվայր ընկավ իր գրկի երեխայի վրա, երեխան շնչահեղձ եղավ ու նույնպես մահացավ»։
Ականատեսներից մեկն էլ այսպես խոսեց. «Շնորհակալ եմ, որ հիշատակում եք այս օրը, որը մենք անվանում ենք սև օր: Ջարդի ժամանակ իմ ընտանիքի 11 անդամներ սպանվեցին, շատերը աքսորվեցին։ Այս մարդասպան մտածելակերպը դեռ շարունակվում է։ Դերսիմ 38-ը մեր հոգու վերքն է»։

Ելույթներից հետո ներկաները զոհվածների հիշատակին մեխակներ նետեցին գետի մեջ եւ հոգեհանգստյան աղոթք կարդացին։
Դերսիմի ասոցիացիաների դաշնությունը, Դերսիմի դեմոկրատական միությունների եվրոպական դաշնությունը և Դերսիմի հետազոտական կենտրոնը Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում նույնպես ոգեկոչման արարողություններ կազմակերպեցին տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց հիշատակին և իշխանությանը ցեղասպանությունները դատապարտող կոչեր ուղղեցին։