
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ մայիսի 7-ին Երևանի Բաղրամյան փողոցում տեղի ունեցավ «Հայոց ավանդական պարի բաց դաս, ոգեկոչում ի զորակցություն Արցախի ազատագրության համար պայքարող մեր հայրենակիցների»։
Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով անցկացված մշակութային միջոցառումներին՝ խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը նշեց․ «Մշակույթի միջոցով փորձում ենք մարդկանց ուշադրությունը սևեռել Արցախի խնդրին, հայաթափմանը, էթնիկ զտումների կասեցմանը»։
Գագիկ Գինոսյանն ասաց, որ միջոցառումները նախատեսված են Արցախի երիտասարդության նախաձեռնած «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին աջակցելու նպատակով ու ավելացրեց․ «Մենք առաջարկեցինք իրենց հետ համաձայնեցրած պարի բաց դաս կազմակերպել։ Շատերը չեն էլ նկատում սեղանիկները, որտեղ դրված ստորագրություն է կատարվում։ Դրա համար առաջարկեցինք, որ պարենք, որպեսզի մարդկանց ուշադրությունը սևեռենք ստորագրահավաքին, և ստորագրահավաքը մի քիչ ավելի մասշտաբային լինի»։
Հարցին՝ մի՞թե աշխարհում տեղյակ չեն, թե ինչ է կատարվում Արցախում, որի վկայությունն են նաև Եվրոպական դատարանի, ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները, Գագիկ Գինոսյանն այսպես արձագանքեց․ «Մեր խնդիրն է տեղեկացնել, որ հետո չասեն՝ մենք տեղյակ չէինք։ Մենք եկել ենք աջակցելու Արցախի երիտասարդների կոչին, եթե անձամբ իմ կարծիքը հարցնեք՝ մենք ենք մեր ճակատագրի տերը։ Ինչպես տեսնում ենք՝ որևէ մեկի ազդեցությամբ՝ անգամ Եվրադատարանի որոշումից հետո մեկ մետր չի տեղաշարժվել Ադրբեջանը, և այդ որոշումը չի ստիպել Ադրբեջանին հետ քաշվել, հակառակը, դրանից հետո ավելի են առաջ եկել և ավելի մեղմ ասած՝ հանդուգն նոր ուղեփակոցներ դրել և այլն»։

Արևմտյան Հայաստանի ղեկավարությունը հարգելով անվանի պարուսույց և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի ներդրած ավանդն ու ջանքերը հայկական պարարվեստի պահպանման և ուսուցման գործում, նաև իր աջակցությունն է հայտնում նրա կողմից կազմակերպած նախաձեռնությանը։