
Ինքնության փնտրտուքների խաչմերուկներում, որքան էլ զարմանալի թվա, Գերմանիայում հաստատված թուրք գրողների համար ուսումնասիրման և քննարկման առարկա է դառնում Հայերի դեմ իրականացրած ցեղասպանության հարցը: Այս թեմային ծավալուն անդրադարձների ենք հանդիպում հատկապես Գերմանիայի թուրք գրողների 1990-ականների կեսերին գրված ստեղծագործություններում: Անշուշտ, ժողովրդավարական ու ազատական եվրոպական հասարակությունը պարարտ հող էր ստեղծում պատմական իրողությունները բազմակողմանի ուսումնասիրելու և օբյեկտիվ գնահատականներ տալու համար: Արդեն եվրոպական նորմերով մեծացած Գերմանիայի թուրք գրողների համար թերևս փոքր-ինչ ավելի հեշտ էր կոտրել օկուպացված Արևմտյան Հայաստանում այդ ժամանակ դեռ խստագույնս պահպանվող ցեղասպանության տաբուն:
Հարկ ենք համարում նշել, որ թուրքական իշխանությունները մշտապես փորձել են երկրից դուրս բնակվող քաղաքացիների շրջանում պահպանել արտաքին և ներքին քաղաքական մի շարք հարցերի շուրջ՝ ինչպես, օրինակ, Քրդական հարցը, Կիպրոսի խնդիրը, Հայերի դեմ իրականացված ցեղասպանության ժխտումը, իրենց ձեռնտու ընկալումները: Այս նպատակով թուրքական դիվանագիտական ներկայացուցչություններն, իսկ ավելի ուշ նաև պաշտոնական Անկարայի կողմից ֆինանսավորվող ամենատարբեր հասարակական կազմակերպությունները բավական ակտիվ գործունեություն են ծավալել Գերմանիայում թուրքական համայնքի սկզբնավորման դեռևս առաջին տարիներից: Միջանկյալ շեշտենք, որ թուրքական կառավարության 2010 թ. որոշմամբ արտերկրում բնակվող թուրքերի և ազգակից հասարակությունների վարչության ստեղծումից հետո այս գործունեությունը սկսեց ավելի համակարգված և ուղղորդված բնույթ կրել և ներկայումս իրականացվում է ոչ միայն քաղաքական, հասարակական, այլ նաև կրթական ու մշակութային մակարդակով: Բնական է, որ բոլոր այս մակարդակներում գործող ամենատարբեր թուրքական կազմակերպությունների թիրախային կետերից մեկն էլ մշտապես եղել է Հայերի դեմ իրականացված ցեղասպանության ժխտման քաղաքականությունը և հակահայկական լոբբինգը:
Այս պայմաններում, պարզ է, որ Հայերի դեմ իրականացրած ցեղասպանության վերաբերյալ ոչ թուրքական տարբերակը ներկայացնող ստեղծագործությունները հիմնականում անընդունելի են թուրքական համայնքի համար: Սրան ավելացնելով Անկարայից անխուսափելիորեն եկող բացասական անդրադարձը՝ կարող ենք փաստել, որ նույնիսկ Եվրոպայում բնակվող թուրք գրողի համար ցեղասպանության թեմային անդրադարձ կատարելը բավական համարձակ քայլ է։
Գերմանաբնակ թուրք գրողների շարքում Հայերի դեմ իրականացրած ցեղասպանության թեման վեր են հանել Զաֆեր Շենոջաքը, Էմինե Սևգի Օզդամարը, Քեմալ Յալչընը: