
Մայիսի 8-ին Արևմտյան Հայաստանի Երևանյան ներկայացուցչությունում տեղի ունեցավ հանդիպում Շուշի հայրենակցական միության անդամներ՝ Շուշի քաղաքից բռնի տեղահանված բնիկների հետ:
2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Շուշի քաղաքից բռնի տեղահնավածները դիմեցին Արևմտյան Հայաստանի կառավարությանը և լիազորեցին Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանին, դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար:
Հանդիպման ընթացքում ելույթ ունեցան Արևմտյան Հայաստանի հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը, «Շուշի հայրենակցական միություն» շարժման նախագահ Աշոտ Հարությունյանը և այլք:
Նախագահ Աբրահամյանը խոսեց Շուշեցիների բողոքների հիման վրա Բաքվի իշխանությունների դեմ կազմված հայցադիմումների ներկայացման և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացող գործընթացի մանրամասների մասին և հայտնեց, որ առաջին դատավարությունները կսկսվեն մինչև տարեվերջ։
Կարևորվեց այդ դատավարության քաղաքական նշանակությունը, որովհետև Արևմտյան Հայաստանի կառավարությունը այդ հայտով ընգծել է իր տարածքում գտնվող Շուշի քաղաքից Ադրբեջանական զավթիչների դուրսբերման պահանջը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Շուշեցի փախստականներին հուզող հարցերը թեմայի շրջանակներում, որոնց Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանը պատասխանեց հստակ փաստարկներով:

