Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ պատմական տարբեր ժամանակաշրջաններում իրականացված ոճրագործությունների ուսումնասիրության հարցում մեծապես կարևորվում են ոչ միայն օտարազգի դիվանագետների, միսիոներների և ականատեսների վկայությունները, այլև պետական, քաղաքական և հասարակական թուրք գործիչների, առավել ևս հայերի տեղահանություններին և կոտորածներին առնչվող հրամաններն արձակած բարձրաստիճան պաշտոնյաների հուշերը։

Աշխարհում  վերջին տասնամյակներում բազմիցս հրատարակվել են ինչպես Թալեաթի , Ջեմալի, Էնվերի , այնպես էլ սուլթան Աբդուլ Համիդ II-ի հուշագրությունները: 

Աբդուլ Համիդ II-ը իր հուշերում թեև խիստ սահմանափակ անդրադարձներ է կատարել հայերին վերաբերող խնդիրներին, այնուամենայնիվ փորձել է պատմական իրականությունը ներկայացնել որպես հայերի ներքին խնդիրներ` դրանով իսկ քողարկելով իր վարած քաղաքականությունը, հատկապես հայերի նկատմամբ իրականացրած հանցագործությունների բուն էությունը:

 Պատմաբանը մի կարևոր նկատառում է անում. հուշերում առկա բառապաշարը չի համապատասխանում այն ժամանակվա խոսակցական կամ գրավոր լեզվին, դեռ ավելին՝ այն շատ ավելի մոտ է ժամանակակից թուրքերենի գրավոր և խոսակցական ոճին : Միևնույն կարծիքն է հայտնում նաև թուրք պատմաբան և իրավաբան Էքրեմ Բուղրա Էքինջին` ընդգծելով, որ Օսմանյան կայսրությունում ընդունված չի եղել, որ սուլթանները հուշեր գրեն: 

Օսմանյան կայսրության պատմությանը նվիրված մի շարք գիտական աշխատանքների հեղինակ Էնգին Դենիզ Աքարլըն ևս կարծում է, որ Աբդուլ Համիդին IIվերագրվող հուշագրությունները իրականում նրա գրչին չեն պատկանում : Գրող Աբդուլհամիդ Քըրմըզըն նույնպես համոզված է դրանում, քանի որ կառավարման ընթացքում նա հավանաբար ժամանակ չէր ունենա դրանք գրելու, իսկ 1909 թ. Սալոնիկ աքսորված նախկի ն սուլթանին իթթիհադականները կարգելեին թղթին հանձնել իր հուշերը, որոնցում կարող էին տեղ գտնել նաև իթթիհադականների գործունեությանը վերաբերող բացասական մտքեր :

Դեռևս 1913 թ. հասարակական-քաղաքական, պետական գործիչ, Արշակ Ջամալյանը Թիֆլիսի «Հորիզոն» թերթում հրատարակել է «Աբդուլ Համիդի հուշերը» խորագրով հոդվածաշար: Սակայն նա հոդվածները թարգմանել է ոչ թե գերմաներեն բնագրից, այլ Փարիզում հրատարակվող ֆրանսիական «Տան» թերթից: Հետագայում ապացուցվել է, որ Աբդուլ Համիդ II-ի հուշերը «Nord und Süd» գերմանական պարբերաթերթում հրատարակվել են 1913 թ. փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին, սակայն Ջամալյանի թարգմանությամբ մեզ է հասել գերմանական պարբերաթերթում հոդվածաշարի` միայն մեկ ամսում լույս տեսած մասը :