44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված անձինք երեկ բողոքի ցույց անցկացրեցին ՀՀ կառավարության շենքի մոտ, այնուհետեւ շարժվեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ։ Արցախցիները նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակին։

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը, ներկայացնելով արցախցիների պահանջները, ասաց․ «Դուք գիտեք, թե ինչ է կատարվում Արցախում՝ հայ իշխանությունները, համագործակցելով Ադրբեջանի եւ ռուսների հետ, փակեցին Բերձորի միջանցքը, որն ըստ եռակողմ պայմանավորվածության՝ պետք է հինգ տարի անխափան գործեր։ Այսօր միջանցքը դարձավ Ադրբեջանի զավթիչ քաղաքականության, Ադրբեջանի դիկտատորի սեփականությունը։ Այն աստիճանի սեփականություն, որ նույնիսկ միջազգային դատարանի որոշումը չի կատարում Ադրբեջանի դիկտատորը։ Մենք եկել ենք ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ մեր բողոքը հայտնելու, ՄԱԿ-ին դիմելու, որպեսզի իր պարտականությունները կատարի՝ կանգնեցնի հայ ժողովրդի ցեղասպանությունը ոչ միայն Արցախում, այլ ընդհանրապես Հայաստանի տարածքում»։

Նամակով արցախցիները պահանջում են, որպեսզի միջանցքի արգելափակումը վերացվի։ «Մենք նամակում բացատրում ենք, որ միջանցքի արգելափակումը հավասարազոր է ցեղասպանության, հավասարազոր է Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերին։ Այնուհետեւ դիմում ենք ՄԱԿ-ին, որպեսզի մարդու իրավունքների դեկլարացիայից ելնելով, պաշտպանի մեր շահերը»,- ասաց Հայրյանը։