
«2023 թվականի ապրիլի 22-ին Ադրբեջանի՝ ինքն իրեն «աղվանա-ուդիական» կոչող համայնքի և Ադրբեջանի Աստվածաշնչային ընկերության նախագահ՝ Ռոբերտ Մոբիլիի ֆեյսբուքյան էջում տեղադրվել են Քաշաթաղի Ծիծեռնավանքի լուսանկարներ, որոնց ուղեկցող տեքստում ի մասնավորի նշվում է․ «Աղօղլան հին աղվանական եկեղեցի այցելության և աղվանական ծիսակատարություններ» իրականացնելու մասին», հայտնում է monumentwatch.org կայքը։
Այցելության նպատակը այդ օրերին՝ ապրիլի 22-23-ը Ադրբեջանում Ռամադանի սուրբ ամսվա ավարտի Աիդ ալ-Ֆիթ տոնը կարևորելն էր, ինչն էլ ապացուցում է այցի՝ պետականորեն ուղղորդված լինելու փաստը և հայկականը յուրացնելու/ ադրբեջանականացնելու հստակ ծրագիրը։
Ռոբերտ Մոբիլլիի տեղադրած լուսանկարներից պարզ է դառնում, որ «աղվանա-ուդիական» կոչվող համայնքի ինքնահնար ծիսակատարություններով պղծվել է Ծիծեռնավանքը, վնասվել Սուրբ Սեղանը, քանդվել է նրա հատակում խնամքով թողնված շուրֆը (քառակուսի կամ կլոր հատվածքով ուղղաձիգ փորվածք)։ Ըստ Ալեքսան Հակոբյանի՝ շուրֆը Ծիծեռնավանքի եզակի ֆենոմեններից մեկն էր՝ ուր ագուցված էր գինու կարասը (Հակոբյան Ա., Պատմա-աշխարհագրական եւ վիմագրագիտական հետազոտություններ. Արցախ եւ Ուտիք, Մխիթարեան հրատարակչութիւն, Վիեննա-Երևան 2009, 129-212)։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, նրանք այցելել և ուդիական էին հռչակել Դադիվանքի վանական համալիրը, Հադրութի Սպիտակ Խաչ վանքը, Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցին, Հադրութի շրջանի Ծակուռու սուրբ Աստվածածին և Տողի սուրբ Հովհաննես եկեղեցիները, Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին և մի շարք այլ եկեղեցիներ։
Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․»։