«ԱՍԱԼԱ- ի առաքելությունը ոչ թե Հայերի դեմ իրականացված ցեղասպանության միջազգային ճանաչման հասնելն էր, այլև՝ Արևմտյան Հայաստանի վերադարձը»: 

Այս մասին հաճախ իր հարցազրույցներում ասում է «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանը։ 

Վազգեն Սիսլյանը ծնվել է 1956 թվականի հոկտեմբերի 20-ին Բեյրութի  արվարձան` Բուրջ Համուդ  շրջանում ՝ Ցեղասպանություն վերապրածների ընտանիքում։ 1986 թվականին ավարտել է Փարիզի Սորբոնի համալսարանը՝ լեզվաբանություն մասնագիտությամբ։ Վազգեն Սիսլյանը սահուն խոսում է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն։

Լիբանանյան պատերազմի տարիներին երիտասարդ Սիսլյանը, ինքնապաշտպանական ջոկատի հետ միասին, պաշտպանել է հայկական թաղամասերը։ Թուրքիայի հյուպատոսությունում պատանդներ վերցնելուց մի քանի ամիս առաջ Սիսլյանն ու նրա համախոհները Բեյրութում հայտնի են դարձել «Armenian Magazine» ամսագրի խմբագրությանը հրապարակում ուղարկելով։ 1981  թվականի սեպտեմբերի 24-ին, 25 տարեկան հասակում, նա ղեկավարել է «ԱՍԱԼԱ» կազմակերպության մարտիկների խմբին (Հակոբ Ջուլֆայան, Գևորգ Գուզելյան, Արամ Բասմաջյան)՝ նպատակ ունենալով գրավել Փարիզում Թուրքիայի հյուպատոսությունը։ 

Գործողության ընթացքում հյուպատոս Կայի Ինալը և երկու զինվոր ծանր վիրավորվել են, 56 հոգու պատանդ են վերցրել և 16 ժամ պահել հյուպատոսության շենքում։ Վազգեն Սիսլյանը և Հակոբ Ջուլֆայանը նույնպես լուրջ վնասվածքներ են ստացել և տեղափոխվել «Օթել Դիո» հիվանդանոց, որտեղ Վազգենը 5-6 օր անգիտակից վիճակում է եղել։ ԶԼՄ-ներում իրենց պահանջները հրապարակելուց հետո մարտիկները կամավոր հանձնվել են Ֆրանսիայի իշխանություններին։

«ՎԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ և նրան հաջորդող քաղաքական դատավարությունը մեծ դեր ունեցավ Հայկական հարցը միջազգային քաղաքական բեմ հանելու հարցում, հայ ժողովրդի հողային պահանջի և ոտնահարված իրավունքների համաշխարհայնացման, Հայոց ցեղասպանության իրողության դատապարտման ի նպաստ նոր ալիքի ստեղծման, Հայության մոտ հպարտության և պայքարի ոգու ամրապնդման, ինչու ոչ նաև ԱՍԱԼԱ-ի շարքերը անդամներով և համակիրներով համալրման հարցում։

Մարտախմբի երկարատև դատավարությունը ինքին հակաթուրքական մեծ պատերազմ էր։ «ՎԱՆ»ի դատավարությունը վերածվեց թուրքական իշխանության դատավարությանը։

ԱՍԱԼԱ-ի հերոսների դատավարությանը իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին հայտնի կինոռեժիսոր Անրի Վեռնոյը, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի այրին` Մելինե Մանուշյանը, հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրը, ՎԱՆ-ի փաստաբան և քաղաքական գործիչ հագուցյալ Պատրիկ Դևեջյանը և այլ անվանի հայեր:

Հատկանշական էր դատարանի նախագահի բարեհաճ վերաբերմունքը, ով դատավարության ողջ ընթացքում ներկաներին կոչ էր անում ձեռնպահ մնալ ԱՍԱԼԱ-ի գործողությունը «ահաբեկչություն», և ջոկատի հերոսներին «ահաբեկիչ» անվանելուց:

Ֆրանսահայ համայնքը և երիտասարդությունը հաստատակամ ու հետևողական ցույցեր և բազմազան ակցիաներ կազմակերպելով զորակցեցին մինչև վերջ պաշտպանելով մարտիկներին: Ֆրանսիայի լավագույն փաստաբանները, դատավարության ընթացքում պաշտպանեցին ազատամարտիկներին և ապահովվեց ցեղասպանությունից մազապուրծ մի քանի հայերի` դատարանում վկայությամբ հանդես գալու հնարավորությունը։

Որոշ ժամանակ անց Վազգեն Սիսլյանը տեղափոխվել է Հայաստան, որտեղ մասնակցել է Արցախյան  պատերազմին։ 2016 թվականի ապրիլի սկզբին Վազգեն Սիսլյանը ջոկատ է հավաքել և պաշտպանել Արցախը Ադրբեջանի հետ հակամարտության սրման ընթացքում։ «Արցախը հայկական հող է, և թուրքերն ու ադրբեջանցիները չեն կարողանա դա մեզնից խլել։ Հիմա նրանք հարձակման են անցել։ Մենք բոլորս պետք է միավորվենք, և միասնական ոտքի կանգնենք Արցախը պաշտպանելու համար։ Մենք բոլորս այստեղ պետք է հավաքվենք Արցախը պաշտպանելու համար։ Այն միշտ եղել է հայկական հող, և ոչ ոք չի կարող այն խլել մեզանից», — ասել է նա հարցազրույցներից մեկում։