
Լույս է տեսել մանկավարժ-լրագրող, ուսումնասիրող Զոհրաբ Ըռքոյանի՝ շուրջ 30 տարվա անխոնջ աշխատանքի արգասիքը՝ «Հայոց Քաշաթաղ» մեծարժեք գիրք-ալբոմը՝ հրատարակված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական խորհրդի երաշխավորությամբ:
Ինչպես նշում է գրքի հեղինակը՝ հայկական բնօրրան ներկայիս Քաշաթաղի շրջանը հայաթափ էր եղել 1750-1920-ական թվականների ընթացքում, որոշ հատվածներ՝ նույնիսկ 1950-80-ական թվականներին: 1992-93 թվականների Արցախյան գոյամարտի արդյունքում այս տարածքներն ազատագրվեցին, եւ շուտով սկսվեց վերահայացումը: Պարզվեց՝ չնայած մեր երկրին տիրացած օտարներն այդ ընթացքում ավերել ու հիմնովին ոչնչացրել էին շատ բնակավայրերի եկեղեցիները, գերեզմանները, այնուամենայնիվ, պատմական բնակավայրերում, դրանց հարեւանությամբ պահպանվել են հայոց մասին պատմող դարավոր վկաներ՝ վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, գերեզմանոցներ՝ խաչքարերով ու տապանաքարերով, կամուրջներ, ջրաղացներ, աղբյուրներ: Շատ են նաեւ նախաքրիստոնեական շրջանի դամբարաններն ու բնակատեղիները, բերդ-ամրոցները, քարանձավ-ճգնարանները։
Գրքի երկէջյա պատմական ակնարկում ներկայացված է հատկապես Մելիք Հայկազյան տոհմի շնորհիվ 15-րդ դարասկզբից հզորացած Քաշաթաղ աշխարհը՝ սկսյալ վաղնջական ժամանակներից, մատենագրական հիշատակարաններից, պատմագիրների վկայություններից առ մեր օրերը: