Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարկավոր է պատժամիջոցներ կիրառել, մինչ Վաշինգտոնը ճնշում է գործադրում Բաքվի վրա՝ Բերձորի միջանցքը բացելու հարցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:

«Բաքվի կողմից Արցախի շրջափակումից 150 օր անց ակնհայտ է, որ Ալիևը հումանիտար ճգնաժամ է ստեղծում և անջատում կարևոր ենթակառուցվածքների էլեկտրաէներգիան: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները պետք է դրված լինեն սեղանին, մինչ մենք ճնշում ենք գործադրում Բերձորի միջանցքը բացելու համար»,-նշված է հանձնաժողովի Twitter-ի էջում հրապարակված գրառման մեջ: Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը գրառմանը կցել է հաղորդագրություն այն մասին, որ Արցախն արդեն 5 ամիս գտնվում է շրջափակման մեջ, գազի և էլեկտրաէներգիայի անջատումները շարունակվում են, իսկ տարածաշրջանի ամենամեծ ջրամբարի պաշարները սպառվում են, ինչը սպառնում է տարածաշրջանը թողնել առանց հիդրոէլեկտրակայանի: